Ռուսաստանի ուզածը պարզ է՝ ԼՂ-ում «խաղաղարարների» տեղակայում, իսկ դրա անհնարինության դեպքում` շարունակական անկայունություն. Արմեն Գրիգորյան

«Ռուսաստանի ուզածը պարզ է՝ ԼՂ-ում «խաղաղարարների» տեղակայում, իսկ դրա անհնարինության դեպքում` շարունակական անկայունություն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանն` անդրադառնալով Արևմուտք-Ռուսաստան առճակատման պայմաններում ԼՂ հակամարտության գոտում փոխզիջման հասնելու հնարավորության մասին հարցին: Նա նշեց, որ փոխզիջման որոշակի հավանականություն, թերևս, դեռ գոյություն ունի, սակայն ոչ թե հակամարտության կարգավորման, այլ գուցե միայն ստատուս քվոյի պահպանման համար: Բայց, քաղաքագետի խոսքով, անգամ այդպիսի փոխզիջման հնարավորությունը չնչին է` հաշվի առնելով տարածաշրջանի նկատմամբ Ռուսաստանի ծրագրերը: «Իսկ Ռուսաստանի ուզածը քիչ թե շատ պարզ է. ազդեցության բացառիկ գոտու պահպանում` ԼՂ հակամարտության գոտում իր «խաղաղարարների» տեղակայմամբ, իսկ այդ տարբերակի իրագործման անհնարինության դեպքում` շարունակական անկայունություն, որի ականատեսն ենք վերջին ժամանակաշրջանում»,- նշեց Արմեն Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի տրամադրած անվտանգության երաշխիքներին, ապա նրա խոսքով, «անվտանգության երաշխավոր» ՀԱՊԿ-ը Հայաստանին Ադրբեջանից պաշտպանելու մտադրություն չունի: «ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան դրա մասին բազմիցս հայտարարել է, նաև անցած շաբաթ: Թ՛ե ՀԱՊԿ-ը, թե ՀՀ-ում ռուսական ռազմակայանը բացառապես ռուսական շահերին են ծառայում և Հայաստանի համար անվտանգություն չեն ապահովում: Ավելին՝ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանի համար լրացուցիչ վտանգներ է ստեղծում` թե՛ տարածաշրջանում լարվածությունն ավելացնելով, թե՛ ահաբեկչության վտանգ ստեղծելով. վերջինիս վկայությունը մասնավորապես Գյումրիում կատարվածն էր, բայց պետք է նաև հիշել Ս. Սարգսյանի ստորագրած համաձայնագիրը, որը ՀԱՊԿ-ին` այսինքն Ռուսաստանին, թույլ է տալիս իրականացնել զինված միջամտություն` ներքին անկայունության դեպքում»,- նշեց նա:

Արմեն Գրիգորյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ ավելի ուշ:  

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս