Լևոն Տեր-Պետրոսյանը կստանա 1 միլիոն դրամ կենսաթոշակ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը այսուհետ ավելի բարձր կենսաթոշակ կստանա։ ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
Նախագիծը ներկայացնող՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ հունվարի 9-ին լրացավ առաջին նախագահի 70-ամյակը, և իրենք հայտնաբերեցին, որ նախկինում մշակված օրենքը փոփոխությունների կարիք ունի։ Բանն այն է, որ հանրապետության պաշտոնաթող նախագահի աշխատանքային երաշխիքների մեջ կային որոշակի սահմանափակումներ, այդ թվում՝ տարիքային։ Դ. Հարությունյունյանի խոսքով, այդ սահմանափակումներն այն ժամանակ համարվում էին շատ բնական: «Սակայն պարզ է, որ կյանքն այնպիսին է, որ 70 տարեկանում մարդ շարունակում է գործել, և դա ենթադրում է համապատասխան երաշխիքներ: Առաջին հերթին՝ խոսքը վերաբերում է գրասենյակին: Օրենքով նախատեսված է, որ հանրապետության պաշտոնաթող նախագահին իր ցանկությամբ տրամադրվում է գրասենյակ, սակայն այդ գրասենյակը տրամադրվում է օգտագործման մինչև իր 70 տարին լրանալը, մենք առաջարկում ենք հանել այդ սահմանափակումը. այն պետք է տրամադրվի իր ցանկությամբ օգտագործման՝ ցկյանս»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Նա տեղեկացրեց, որ առաջարկվում է վերադառնալ նախկին կարգավորմանը՝ որպես կենսաթոշակ տրամադրել գործող նախագահի աշխատավարձի 80 տոկոսը:
Նշենք, որ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը այժմ ստանում է ամսական մոտ 1.3 միլիոն դրամ աշխատավարձ։ Ըստ այդմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կստանա 1 միլիոնից դրամից փոքր-ինչ ավելի կենսաթոշակ։
Ընդգծելով, որ նախկին նախագահի պաշտոնն իսկապես առանձնահատուկ պաշտոն է՝ Դ. Հարությունյանն առաջարկեց ոչ միայն հաստատել որոշումը, այլև նախագիթը ճանաչել անհետաձգելի։