
Իմ գլխավոր խորհրդականը հայ է, ինչի համար մեզ շնորհակալություն են հայտնում. Դավութօղլու

Թուրքական Haberler.com լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Kanal 7 և Ülke TV հեռուստաալիքների համատեղ ուղիղ եթերում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Թուրքիայի ազգային փոքրամասնությունների խնդրին.
«Ասում են, թե Թուրքիայում ճնշման տակ են բոլորը՝ թուրքերը, քրդերը, ալևիները, սուննիները, ոչ մուսուլմանները: Սակայն դա այդպես չէ: Ես մեկ ամիս առաջ եմ ընթրել ոչ մուսուլման փոքրամասնությունների առաջնորդների հետո, որոնք բոլորն էլ շնորհակալություն հայտնեցին, որ «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարման ժամանակաշրջանում ականատես են եղել աննախադեպ (դրական) իրադարձությունների:
Իմ գլխավոր խորհրդականը հայ քաղաքացի է: Հանրապետության ժամանակաշրջանում չեն գրանցվել նման բաներ և բոլոր շնորհակալ են: Այդ դեպքում ինչո՞ւ են հակառակը պնդում: Որովհետև դա անում են ոչ մուսուլմանների լոբբիները: Հունական լոբբին, Հայկական լոբբին ասում են, թե Թուրքիայում ոչ մուսուլմանները գտնվում են ճնշման ներքո: Այդ մեղադրանքներն անհիմն են»: