Բաժիններ՝

Ծեծի ենթարկված լրագրողն աշխատում է առանց աշխատավարձի. նա չի պատրաստվում դատի տալ իրեն ծեծողներին (լուսանկարներ)

Բերձորում ծեծի ենթարկված Անուշավան Շահնազարյանը դեռևս տանն է, և ինչպես այսօր հայտնեց 168.am-ին, երիկամների շրջանում ցավեր ունի, գլխացավերը չեն դադարել, բայց ինքը պատրաստ է մի քանի օրից աշխատանքի գնալ: Նա  համագործակցում է «Նոյյան տապան» գործակալության հետ, և վարձատրության մասին  մեր հարցին ի պատասխան ասաց, որ առանց փողի է աշխատում:

Արձագանքելով մեր զարմանքին՝ Անուշավան Շահնազարյանն ավելացրեց, որ շատերն են զարմանում, բայց ինքը Ռուսաստանում և եվրոպական մի շարք երկրներում ապրելուց  հետո Հայաստան է եկել ոչ թե դրամ վաստակելու, այլ փորձ ձեռք բերելու և ազատամարտիկների ընտանիքների մասին ֆիլմ նկարելու (ասաց, որ հեռակա սովորում է Մոսկայում, իբրև ռեժիսոր, իսկ առաջին ֆիլմը շուտով պատրաստ կլինի):

Դրա փոխարեն, ինչպես հայտնեց Բերձորում ծեծի ենթարկված Անուշավան Շահնազարյանը, Ռուսաստանում վարձով է տվել իր բնակարանը, և այդ գումարով ապրում է  Հայաստանում: Երիտասարդ լրագրողը չթաքցրեց, որ համագործակցում է «Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության» հետ, որովհետև կարծում է, թե դա հայության հարցերը լուծող միակ հայկական կազմակերպությունն է, և ինքը, լինելով արմատներով ղարսեցի, չէր կարող անտարբեր մնալ այդ կազմակերպության հանդեպ: Քաղաքական որևէ  այլ հակում, ինչպես նշեց նա, չունի:

«Նոյյան տապան» գործակալության տնօրեն Տիգրան Հարությունյանը ծեծի ենթարկված լրագրողի մասին մեր հարցմանն ի պատասխան ասաց, որ նրա հետ, իբրև լուսանկարիչ և օպերատոր համագործակցում են մոտ 6 ամիս, նրան համարում է ակտիվ և հետաքրքրասեր երիտասարդ և բոլոր թեժ կետեր ուղարկում են նրան:

Կարդացեք նաև

«Կոնկրետ Հիմնադիր Խորհրդարանի երթը մենք նպատակ չունեինք լուսաբանելու, բայց քանի որ ինքը ցանկություն հայտնեց գնալու, դեմ չէինք»,- ասաց Տիգրան Հարությունյանը՝ նշելով, որ Անուշավան Շահնազարյանի աշխատանքներից գնահատում է հատկապես նրա հարցազրույցը Աբխազիայի նախագահի հետ. դա գործակալության հանձնարարությունն էր, որը լրագրողը, ըստ Տ. Հարությունյանի, լավագույնս էր կատարել:

Գործակալության տնօրենը հայտնեց նաև, որ Անուշավանին տեսնում է իբրև ստուդիական լրագրող և նրան պատրաստում են երիտասարդական հաղորդումներ վարելու համար:

«Նոյյան տապան» գործակալությունը լրագրողի հանդեպ բռնություն կիրառելու համար դիմել է Հայաստանի և Արցախի ոստիկանություններ, Հայաստանի ոստիկանությունից պատասխանել են, որ դեպքը Հայաստանի տարածքում չի եղել և իրենք իրավասու չեն հայտարարություն ընդունելու, իսկ Արցախի ոստիկանությունն էլ անհրաժեշտ է համարել, որ լրագրողն անձամբ ներկայանա:

Անուշավան Շահնազարյանը, սակայն, ոչ մի պահանջ չունի իրավապահ մարմիններից, չի պատրաստվում ոչ մեկին դատի տալ, միայն խնդրում է վերադարձնել իր տեսախցիկը:

Ինչ վերաբերում է պաշտոնյաների հետ լուսանկարներին՝ Անուշավան Շահնազարյանն ասաց, որ տարբեր միջոցառումների  է մասնակցել,  շատ տեղեր է գնացել, ուրիշ շատ հայտնի մարդկանց հետ էլ նկարներ ունի, որոնք զետեղված են  իր ֆեսյբուքյան էջում  (նա Ֆեյսբուքում գրանցված է Амиго Мени անունով):

Anushavan (1)

Anushavan (6)

Anushavan (2)

Anushavan-Seyran Ohanyan

Anushavan (5)

Խոսելով  իր ռեպորտաժների մասին՝ Անուշավան Շահնազարյանը նշեց վերջինը՝ Գյումրիի դեպքից իր լուսանկարչական ռեպորտաժը, իսկ մյուս նյութերի և ռեպորտաժների մասին ասաց, որ զետեղված են «Антитопор» բլոգում, ինչպես նաև՝ «Նոյյան տապանում»

Ռուսաստանում ապրող մայրը  տեղյակ չէ, որ տղան ծեծի է ենթարկվել,  նա եղբայրներին խնդրել է հայկական ալիքները հնարավորինս  հեռու պահել մայրիկից:

Լրագրողն ավելացրեց նաև, որ ինքը գնացել է սովորական նյութ լուսաբանելու, և առաջին անգամ տեսնելու Ստեփանակերտը,  բայց ամենաշատ տուժողը, փաստորեն դարձել է ինքը:  «Լրագրությունը շատ հետաքրքիր, բայց կեղտոտ գործ է, ավելի լավ է շեշտը դնեմ ֆիլմեր նկարելու վրա»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս