Բեգլարյանի հետ քննարկումը կշարունակեն խաշի սեղանի շո՞ւրջ
Կառավարության շենքի դիմաց հավաքված տաքսի ծառայությունների վարորդները իրենց դժգոհությունն են հայտնում ՀՀ կառավարության կողմից կատարված լիցենզավորման կարգի փոփոխությունների, նոր օրենքի դեմ։ Նրանց հետ հանդիպելու էր գնացել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով լսելով բողոքները՝ ասել էր, որ ոչինչ չի փոխվելու և որևէ զիջման չեն գնալու:
Քիչ առաջ Գագիկ Բեգլարյանը հեռացավ Կառավարության շենքի առջև հավաքված տաքսիստների հետ հանդիպումից: Տաքսիստների խոսքով՝ ոչ մի բան էլ կոնկրետ չորոշվեց։ Տաքսու վարորդները Գ. Բեգլարյանին առաջարկել են խաշի սեղանի շուրջ քննարկել հարցը, Բեգլարյանն էլ, իրենց խոսքով, համաձայնել է։
Հիշեցնենք, որ լիցենզավորման նոր պայմանների համաձայն՝ տաքսու վարորդները պետք է 2014 թ. դեկտեմբերի 25-ից դեղին համարանիշերը փոխարինեն սպիտակով և ամսական և տարեկան նոր վճարումներ կատարեն։ Նոր օրենքի համաձայն՝ անհատ տաքսու վարորդները պետք է ամեն ամիս 12 հազար դրամ վճարեն և ստանան ամենամսյա նոր տարբերակիչ նշան, որը հարկավոր է լինելու փակցնել ավտոմեքենայի դիմապակուն:
Բողոքի դուրս եկած տաքսու վարորդների հիմնական խնդիրը լիցենզավորման համար ամսական 12 հազար դրամ վճարն է, նաև բողոքում են կայանատեղիներ չունենալու համար։ Ակցիայի մասնակից տաքսու վարորդներից շատերը գոհ չեն նախարարի հետ այսօրվա հանդիպումից. նրանց կարծիքով՝ միայն 12 հազարով չի վերջանում ամեն ինչ։ Այնտեղ և ԱՊՊԱ-ների հարց կա, և բազում տուգանքների, և կարմիր գծերի: