Գագիկ Բեգլարյանը՝ տաքսիստներին. «Ոչինչ չի փոխվելու»
Այս անգամ բոյկոտելու հերթը տաքսիստներինն է։ Նրանք այժմ հավաքվել են Կառավարության շենքի դիմաց և իրենց դժգոհությունն են հայտնում ՀՀ կառավարության կողմից կատարված լիցենզավորման կարգի փոփոխությունների պատճառով։
Քիչ առաջ տաքսիստներին միացավ ՀՀ Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը։ Նա նշեց, որ կառավարության նիստին չի մասնակցել և եկել է պատասխանելու բոլոր վարորդների հարցերին։
Գագիկ Բեգլարյանը հայտնեց, որ շատ զարմացած է, քանի որ չի հասկանում հավաքի իմաստը։ Նրա կարծիքով՝ այս ամենն աննպատակ է, քանի որ իրենք վարորդների համար ընդունել են շատ լավ օրենք։ Հիմա նրանք պետք է ամսական 12 հազար դրամ վճարեն։ Գագիկ Բեգլարյանի խոսքով՝ առաջ նրանք տարեկան վճարում էին 196 հազար դրամ, որն ավելի շատ էր, քան այս օրենքով պետք է վճարեն։
Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը և տաքսի ծառայությունների աշխատակիցներն օրեր առաջ դեմ էին արտահայտվել տաքսիների լիցենզավորման նոր պայմաններին, որի համաձայն՝ 2014թ. դեկտեմբերի 25-ից դեղին համարանիշերը կրկին փոխվում են սպիտակի, տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենաների դիմապակիների վրա պետք է փակցված լինեն ինքնակպչուն տարբերանշաններ, լիցենզիա ստանալու համար ամսական վճար է սահմանվել 12 հազար դրամը (ամենաթանկը Երևան քաղաքում է), որի մեջ ներառված են և՛ սոցվճարները, և՛ պետական հարկերը, և՛լիցենզիայի տուրքը:
Օրերս հրավիրված ասուլիսում «Բռավո+» տաքսի ծառայության սեփականատեր Լյովա Ավետիսյանը խոսելով լիցենզավորման նոր պայմանների մասին՝ ասել էր, որ այս նոր օրենքն ամբողջությամբ հօգուտ անհատների է.
«Քանի որ մենք կազմակերպություն ենք ներկայացնում, ունենք մի քանի տասնյակ մեքենաներ, բնական է՝ մենք ունենալու ենք վարորդներ, ու այս պարագայում եթե լիցենզիայի արժեքը դարձել է 12 հազար՝ անհատների համար, մեզ համար մնացել է նույն 30 հազար դրամը, որովհետև յուրաքանչյուր մեքենա գրանցված է, այդ մեքենան վճարում է արտոնագիր և սոցվճար, սա՝ ամսական, իսկ տարեկան լիցենզիայի արժեքը լինում է 200 հազար»:
Բողոքի դուրս եկած տաքսու վարորդների հիմնական խնդիրն ամսական12 հազար դրամ վճարն է, բայց նրանք նաև բողոքում են կայանատեղիներ չունենալու համար։ Այս հարցին ի պատասխան՝ Գագիկ Բեգլարյանն ասաց, թե կայանատեղիների հարցը լուծված էր դեռևս իր քաղաքապետ լինելու տարիներին, և հիմա էլ Տարոն Մարգարյանը լուծում է տաքսիների կայանատեղիների հարցը, քանի որ չի կարող ամբողջ քաղաքը լինել տաքսիների կայանատեղի։
«Մինչև դուք չգնաք այստեղից՝ ես չեմ գնալու, գնացեք աշխատեք, երեկոյան ձեր հարազատները տեսնելու են այս ամենը և ասելու են. «պարա՞պ եք մնացել»»,- բոյկոտի դուրս եկած տաքսու վարորդներին ասաց Գ. Բեգլարյանը։
Տաքսու վարորդների խնդրանքը հիմա մեկն է՝ կասեցնել օրենքը և երկարացնել գոնե մինչև ամառ։ Բայց Գագիկ Բեգլարյանը չհամաձայնեց վարորդների հետ՝ ասելով, որ այս օրենքը երկու տարի չէր ընդունվում, և երկու տարի ժամանակ էր տրված։ Հիմա էլ չեն երկարացնելու ժամկետը։
Նրա կարծիքով՝ այստեղ հավաքված մոտ 50 վարորդները պարզապես չեն ուզում ընդունել օրենքը, և ինչ օրենք էլ ընդունվի՝ նրանց համար գոհացուցիչ չի լինելու։ Գ. Բեգլարյանի խոսքով՝ նոր օրենքը լավն է, մնացած բոլոր վարորդները նորմալ աշխատում են։ Վարորդների՝ 12 հազար դրամ ամսական վճարի նվազեցման պահանջին ևս դեմ է Գ. Բեգլարյանը, նրա կարծիքով՝ «նորմալ գումար է 12 000-ը»: