«Տաքսի ծառայությունների մեքենաների՝ ամենօրյա տեխզննումների և բուժզննումների պահանջի կատարումը ձևական էր». Վահագն Սահակյան
Տաքսիների լիցենզավորման նոր պայմանները, որի համաձայն՝ 2014թ. դեկտեմբերի 25-ից դեղին համարանիշերը կրկին փոխվում են սպիտակի, ըստ Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանի՝ ճիշտ որոշում չէ: Դեղին համարանիշերն արդեն իսկ հասարակության մոտ վստահություն էին ներշնչում, ավելին, բազմաթիվ մարդիկ չեն օգտվում այն տաքսի ծառայություններից, որոնք դեղին համարանիշ չունեն: Ի դեպ, նոր օրենքի համաձայն, որպես տաքսի ծառայություն մատուցող մեքենա՝ այդ ավտոմեքենաների դիմապակիների վրա պետք է փակցված լինեն ինքնակպչուն տարբերանշաններ: «Օրենքի նոր փոփոխություններին սպասեցինք բավականին երկար՝ մոտ 2 տարի ձգձգվեց այս հարցը, չգիտեմ` օբյեկտի՞վ, թե՞ սուբյեկտիվ պատճառներով, բայց ամբողջ փոփոխության հիմքում խնդիր էր դրված՝ պարզեցնել գոնե միայն մասնավոր հատվածի համար լիցենզիա ստանալու կարգը: Իհարկե, օրինապաշտ մարդիկ, միևնույն է, լիցենզավորվել էին նաև հին օրենքով, բավականին մեծ քանակությամբ լիցենզիաներ էր արդեն հատկացվել տաքսիներին, բայց կային տաքսու բիզնեսով զբաղվողների որոշակի խմբեր, որոնք անընդհատ ցույցեր էին կազմակերպում, բողոքում էին լիցենզավորման կարգի բարդությունների դեմ, իհարկե, նաև օրենքը կատարյալ չէր՝ ոչ առաջ, ոչ էլ այսօր:
Վերջնականապես մենք ունեցանք օրենք, մասնավոր տաքսի ծառայությամբ զբաղվող մարդիկ շատ հանգիստ կարող են մի քանի օրվա ընթացքում, ընդամենը մի քանի փաստաթուղթ ներկայացնելով՝ ստանալ լիցենզիա՝ ամսական վճարելով 12 հազար դրամ (ամենաթանկը Երևան քաղաքում է), որի մեջ ներառված են և՛ սոցվճարները, և՛ պետական հարկերը, և՛լիցենզիայի տուրքը:
Մասնավոր հատվածի համար օրենքը հիմա շատ լավն է, և գոնե այդ հատվածը պետք է որ շատ արագ լիցենզավորվի»,- հրավիրված ասուլիսում ասաց Վահագն Սահակյանը:
Ըստ Վահագն Սահակյանի՝ տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենաների դեղին համարանիշերը սպիտակով փոխարինելու օրենքն ընդունելիս հարց է դրվել վերացնելու այն կետերը, որոնք իրատեսական չէին, և որոնց հիմքում ընկած էր միայն թղթաբանությունը:
Վ. Սահակյանն անդրադարձավ տաքսի ծառայությունների մեքենաների՝ ամենօրյա տեխզննումների և բուժզննումների պահանջի վերացմանը: Նա նշեց, որ տաքսու վարորդներն ամեն օր տեխզննման և բուժզննման չէին գնում, պարզապես ամսական որոշակի գումար էին վճարում և ամեն օրվա համար թուղթ ձեռք բերում: Իսկ հիմա նույնիսկ դրա կարիքը չի լինի: «Տաքսու բիզնեսով զբաղվողների համար նախատեսված ամենօրյա տեխզննումներն ու բուժզննումները տարիների ընթացքում վերածվեցին ընդամենը թղթաբանության. մարդիկ որոշակի կազմակերպությունների ամսական գումարներ էին վճարում, որպեսզի ամեն օր ունենան այդ ուղեգիր կոչվածը, որի մեջ կար վկայություն՝ տեխզննման և բուժզննման ստորագրություններով: Այսինքն՝ դա վերածվել էր մի տեսակ ձևական թղթական կետի, և այդ պատճառով որոշվեց առաջին հերթին՝ դա վերացնել»,- ասաց Վ. Սահակյանը:
Վ. Սահակյանի խոսքով՝ այսօր պետության պահանջները հիմնականում հետևյալն են՝ տաքսի մեքենաների կահավորման հարցերը, որի մեջ մտնում է հաշվիչը, դրա ճշգրտությունն ապահովող փաստաթուղթը, որը տալիս է Ստանդարտների պետական ինստիտուտը, և արտաքին ու ներքին հարդարման պարագաները՝ դրսի հատվածից շախմատաձև նշաններ, մինիմալի, նստելավարձի և սպասելավարձի համար նախատեսված գների չափերի մասին տեղեկատվություն մեքենայի խցիկում, վարորդի անցագիրը (բեյջը):
Անդրադառնալով մինիմալի, նստելավարձի և սպասելավարձի համար նախատեսված գների չափերի մասին պարտադիր տեղեկատվությանը՝ բանախոսն ասաց. «Դա ձեր և տաքսու վարորդի բանավոր համաձայնությունն է, եթե դա չկա, դուք կարող եք գումարը չվճարել»:



