Ինչո՞ւ է Հիմնադիր խորհրդարանի կողմից տարածված տեսանյութը առանց ձայնի
Առանց Երևանի ռեժիմի Ղարաբաղի իշխանությունը նման քայլի չէր գնա. անդրադառնալով Հիմնադիր խորհրդարանի և ԼՂՀ ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպին՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Իգոր Մուրադյանը:
168.am-ի դիտարկմանը, թե՝ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակն իր ֆեյսբուքյան էջում՝ մեկնաբանելով Բերձորում տեղի ունեցած միջադեպը՝ հարց էր հնչեցրել, թե ինչո՞ւ է Հիմնադիր խորհրդարանի կողմից տարածված տեսանյութը առանց ձայնի, նաև նշել էր, թե «ամենաբարձր մակարդակով» Նախախորհրդարանի անդամներին ասվել էր, որ դրա ժամանակը չէ, Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Արցախի մարզետարանը չի որոշելու, թե մենք մեր երկրի տարածքում ուր պետք է գնանք, և ինքը չի կարող որոշել նպատակահարմարությունը: Դա անհեթեթ պատճառաբանություն է, և մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ գործ ունենք իշխանությունը յուրացրած հանցավոր բանդայի հետ, որ այնքան է ընտելացել այդ վիճակին և այնքան է ինչ-որ չափով հասարակությանն ընտելացրել այդ վիճակին, որ արդեն կարողանում է երկրի գաղութացումը, իր անօրինական տիրապետումը ցույց տալ, ներկայացնել որպես փաստարկում: Սա ինչ-որ առումով նաև անհեթեթ է»:
Վարուժան Ավետիսյանն ասաց, որ իրենց պրոֆեսիոնալ տեսախցիկները խլել են. «Այնտեղ, բնականաբար ավելի շատ նյութ կար պատկերի և ձայնի իմաստով»:
Նրա խոսքով՝ նկարահանումների մեծ մասը կատարվել է մեքենաների ներսից, հեռախոսներով: «Ով ինչպես կարողացել է, ինչպես ստացվել է այդ խառնաշփոթի մեջ: Եվ ակնհայտ է, որ այդ վիճակում հնարավոր էլ չէր, որ ամբողջությամբ ձայնային ֆոնն ապահովված լիներ»: Նա նշեց նաև, որ իշխանություններն ունեն տեղի ունեցածի տեսագրությունը և այն հրապարակելու դեպքում պարզ կդառնա ամբողջական պատկերը:



