
Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդներին հանրային պաշտպան է տրամադրվել

Գյումրի քաղաքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործով տուժողների իրավահաջորդներ Եգոր Ադամյանը, Լուսինե Ավետիսյանը և Ռիտա Պետրոսյանը դիմել են Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ անվճար հիմունքներով իրավաբանական օգնություն տրամադրելու հարցով։
Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի 30.01.2015թ. որոշմամբ տուժողների իրավահաջորդներ Եգոր Ադամյանին, Լուսինե Ավետիսյանին և Ռիտա Պետրոսյանին տրամադրվել է հանրային պաշտպան։
Հաշվի առնելով փաստաբանների արձագանքները տուժողների իրավահաջորդներին պաշտպանելու հարցում, մյուս իրավահաջորդների շահերի պաշտպանությունը կկազմակերպվի կամավոր հիմունքներով ներգրավվող փաստաբանների միջոցով։
Վերոհիշյալ քրեական գործով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը ապահովելու է մեղադրյալի և տուժողների իրավահաջորդների հանրային պաշտպանների աշխատանքային անկախությունը և ազատությունը՝ շահերի բախումների հնարավորությունը բացառելու նպատակով։
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի մամուլի ծառայություն