«Այդ սպանությունը հայի հողում է եղել ու հայի հողում էլ պետք է պատիժ կրի». Տիգրան Կարապետյան
«Ամեն ինչ չի պարզաբանված, իմ կարծիքով, մի հոգի չէր կարող այդքան բան անել, ապացույցներ թողնել: Մյուս կողմից, ամեն ինչ Գյումրու վրա է գալիս։ Ես ժամանակին ասել եմ, որ Գյումրին բարոյականության մայրաքաղաքն է Հայաստանի, այնտեղ է հայությունն ավելի ազգային, այդ ոգի՞ն են գուցե ուզում կոտրել: Համենայնդեպս, սա մեզ բոլորիս համար պետք է դաս լինի, որ ինչքան էլ ասեն՝ մենք ռուսամետ ենք կամ եվրոպամետ, մենք պետք է հայամետ լինենք, մեզանից պետք է վախենան, որ մենք կարող ենք հակաքայլեր անել: Բայց ես դեռ հակաքայլ չեմ տեսել: Եվ դա պետք է շեշտվի իշխանությունների կողմից, իշխանություններն ազատ չեն, կախյալ են Ռուսաստանի Դաշնությունից: Ես ոչ թե խոսում եմ հարաբերությունների սրման մասին՝ Ռուսաստանի հետ, այլ ինքնուրույնությունը, ազգային ոգին պահելու մասին: Եթե չէ, մեզ կկոխրճեն, կանցեն»,- այս մասին այսօր լրագրողների հանդիպման ժամանակ ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
Խոսելով Գյումրու դեպքերի մասին՝ Տիգրան Կարապետյանը հայտնեց, որ իր կարծիքով այս ամենի տակ շատ մութ բաներ են թաքնված, քանի որ այդքան հեշտ չէ ընտանիք սպանել: «Իմ ծանոթներից, ընկերներից շատերը մտածում են՝ մի հոգով չի եղել դա: Ռուսը դեռ զինվորին չի տալիս, ասում է՝ ինքը պետք է դատավարությունն անկացնի։ Կարծում եմ՝ դա էլ է շատ սխալ, ինչո՞ւ. այդ սպանությունը հայի հողում է եղել ու հայի հողում էլ պետք է պատիժ կրի, որ միշտ հետևենք, ոչ թե մի 5-10 տարուց բաց թողնեն: Այդպես արեցին նաև չեչենների հետ, էն գնդապետը, որ բռնաբարեց չեչենուհուն, բաց են թողել, ազատության մեջ է: Համենայնդեպս՝ Հայաստանը պետք է իր դիրքերը պահի, եթե չպահի… Ոչ թե միայն փող աշխատելու ժամանակ պահի։ Բանակի տոն ենք տոնում, մեկը չի ասում՝ մեր երեխաները ծառայում են Ղարաբաղում, հասկանալի է, բայց ռումինգը ինչո՞ւ է փողով, էդ ի՞նչ ռումինգ է, որ մայրերը երեխաներին պետք է զանգահարեն ու գումարներ վճարեն, ո՞ւմ համար է ռումինգը, Ղարաբաղ-Հայաստան պաշտպանողի՞ համար է, զինվորի՞ համար է, այդ ո՞ւր են բարերարները, որ կեղծ ֆիլմեր են հովանավորում, թող հովանավորեն ռումինգը, որ մայրերը կարողանան զանգել իրենց երեխաներին, կամ հակառակը: Ամեն ինչի վրա փող են սարքում, հետո ազգայինից են խոսում»,- ասում է Տ. Կարապետյանը: