
ԵԽԽՎ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել լրագրողներին հալածելը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` նախօրեին Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի նստաշրջանում բանաձև է ընդունվել Եվրոպայի երկրներում մամուլի ազատության ու լրագրողների իրավունքների պաշտպանության մասին:
Փաստաթղթում կոչ է արվում Եվրոպայի Խորհրդի երկրների կառավարություններին` ձեռնարկելու լրագրողների գործունեության համար անվտանգ պայմաններ ապահովելու ուղղությամբ քայլեր: Բանաձևում առանձին ընդգծվել է Ադրբեջանում տիրող անբարենպաստ իրավիճակը:
Մասնավորապես, հիշատակվել է կալանքի տակ պահվող Խադիջա Իսմայլովայի գործը, ով հետաքնել է երկրի բարձրագույն ղեկավարության կոռուպցիոն փաստերը: Բանաձևը Բաքվին կոչ է անում անհապաղ ազատ արձակել նրան ու մյուս լրագրողներին և դադարեցնել նրանց հետապնդելը:
Բացի այդ, սպանված լրագրողների թվում հիշատակվել են Էլմար Հուսեյնովն ու Ռաֆիկ Թագին, որոնց մարդասպաններին իշխանություններն այդպես էլ չհայտնաբերեցին: ԵԽԽՎ-ը Բաքվին կոչ է արել հարգել խոսքի ազատությունը: