«Նավակ ճոճողին» բռնության ենթարկելու դեպքով հարուցվել է քրեական գործ
Երևան քաղաքի քննչական վարչության Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վիլեն Գաբրիելյանին և Նարեկ Մարտիրոսյանին մարմնական վնաս պատճառելու եւ ծեծելու դեպքի առթիվ։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել են ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերն առ այն, որ 2015թ. հունվարի 17-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կողբացի 29 հասցեի մոտ անհայտ անձինք ձեռքերով, ոտքերով և մահակներով հարվածներ հասցնելով, ծեծել են Վիլեն Գաբրիելյանին և Նարեկ Մարտիրոսյանին։
Հասցվածի հարվածների հետևանքով Վ.Գաբրիելյանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է թեթև վնաս՝ փակ գանգուղեղային վնասվածքի, զույգ ակնակապճային և քթի շրջանների փափուկ հյուսվածքների, ձախից՝ ենթաշաղկապենային արյունազեղումների, աջ ճակատային շրջանի քերծվածքի, աջ և ձախ գագաթային, ձախ քունքագագաթային և ձախ ստորին կոպի շրջանների սալջարդ վերքերի ձևով:
ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հունվարի 30-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածների հատկանիշներով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին