
Թուրքիայի քաղաքացին պատրաստվում է հողային պահանջով հայց ներկայացնել Հայաստանի Հանրապետության դեմ. մամուլ

Թուրքական Haberler.com լրատվական կայքի փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ հայտնի դարձավ, որ Հայկական սփյուռքը հայցեր է ներկայացնելու Թուրքիայի դեմ՝ պահանջելով Անկարայում գտնվող «Չանքայա» (նախագահական) նստավայրը և Ստամբուլում գտնվող Աթաթուրքի անվան օդանավակայանի տարածքը, Էրզրումի բնակիչ Ջոշքուն Ըշըքը պատրաստվում է նմանատիպ հայց ներկայացնել Հայաստանի դեմ:
Ներկա դրությամբ ընթանում են հայցը ներկայացնելու նախապատրաստական աշխատանքները, որում Ըշըքը «Հայաստանից պահանջելու է սահմանային Ալմավիր գյուղը (Almavir köyü), որն ավելի վաղ բնակեցված է եղել մուսուլմաններով»: Նա մանրամասնել է, որ որոշել է Հայաստանի դեմ հայց ներկայացնել՝ որպես Թուրքիայի քաղաքացի:
Նրա խոսքերով՝ «հայերն իրենց պապերին սպանել և վտարել են գերազանցապես մուսուլմանաբնակ Ալմավիր գյուղից, որը պատկանել է թուրքերին»: Ըշըքը վստահեցրել է, որ այդ մասին «նշված է պետական արխիվներում», և որ հողային պահանջ է ներկայացնելու Հայաստանին:
Ջոշքունն ընդգծել է, որ իր հայցը կլինի Հայաստանի դեմ Թուրքիայի քաղաքացու կողմից ներկայացած առաջին հայցը: