
Թուրքիան որևէ խնդիր չունի Հայ ժողովրդի հետ. Ջեմիլ Չիչեք

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Թուրքիայի խրհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը Փարիզում Թուրքիայի դեսպանատանը կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հիմնախնդրին.
«Թուրքիան որևէ խնդիր չունի Հայ ժողովրդի հետ: Հիմնական խնդիրը սփյուռքի կողմից աշխարհում ծավալած գործունեության մեջ է: Սակայն Թուրքիան չի լռելու և անգործ չի նստելու իր դեմ ուղղված կամպանիայի հարցում»:
Չիչեքը հայտարարել է, թե Ֆրանսիայում ապրում է Թուրքիայի 600.000 քաղաքացի՝ ընդգծելով, որ 2015 թվականն առանձնահատուկ կարևորություն ունի երկու երկրների համար, քանի որ Թուրքիայից Ֆրանսիա զանգվածային արտագաղթը սկսվել է 50 տարի առաջ:
Հիշեցնենք, որ Ջեմիլ Չիչեքը դասվում է թուրքական քաղաքական գործիչների ծայրահեղ հակահայկական թևին և հանդիսանում է քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի կնքահայրերից ու ջատագովներից մեկը, ինչի համար էլ ստացել է «301-րդ Ջեմիլ» մականունը: