
Վրաստանը կասեցնում է առևտրային հարցերի շուրջ Ռուսաստանի հետ երկխոսությունը. Բերուչաշվիլի

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին, ով գտնվում է ԱՄՆ-ում, հայտարարել է, որ Վրաստանը ժամանակավորապես դադարեցնում է առևտրային հարցերի շուրջ Ռուսաստանի հետ երկխոսելը.
«Ներկայումս մենք ժամանակավորապես կասեցնում ենք առևտրային հարցերի շուրջ Ռուսաստանի հետ երկխոսությունը, քանի որ դա անիմաստ է: Ռուսաստանը յուրաքանչյուր պահի կարող է վերստին բեռնարգելք սահմանել:
Ռուսաստանը շարունակում է քաղաքական կարևոր հարցերում ձեռնարկել ապակառուցողական քայլեր, ինչն արտացոլվեց նոյեմբերին Սուխումի օկուպացիոն ռեժիմի հետ դաշնակցային ու ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրում:
Ռուսաստանը նաև մեծացնում է Աբխազիայում իր զինվորական կոնտինգենտը, ուր նա տեղակայել է մինչև 11.500 զինծառայող: Հաջորդ քայլը լինելու է (Հարավային) Օսիան, քանի որ գոյություն ունի ղրիմյան սցենարը կրկնելու ցուցիչ, և կիրականացվի Հարավային Օսիայի բռնակցում»:
Ռուսաստանը Վրաստանի թիվ երրորդ առևտրային հիմնական գործընկերն է: