«Կարևոր բաների մասին չեք խոսում». Վարչապետը դիտողություն արեց ֆինանսների փոխնախարարին
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիտողություն արեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին՝ դժգոհելով, որ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների մասին հանրությանը համապարփակ տեղեկատվություն չի ներկայացվում: Փոխնախարարը զեկուցում էր «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» որոշման մեջ կատարվող փոփոխությունների մասին: Ըստ վարչապետի՝ այս փոփոխությունները միտված են ներքին արտադրողներին աջակցելուն և նրանց առավելություն է տրվում:
«Կարևոր բաների մասին չեք խոսում: Ես զարմանում եմ, որ էն ռեֆորմները, որոնք ի սկզբանե ասել էիք՝ մեծ ռեֆորմ է լինելու, մարդկանց չեք բացատրում: Պիտի մարդկանց բացատրեք ինչ ռեֆորմ է, ինչ առավելություններ է տալիս, որ հասկանան, իմանան: Ես Ձեզ էլ կասեի, առողջապահության նախարարին էլ ասեցի, որ կարևոր բաների մասին խոսեք»,- հորդորեց Հ.Աբրահամյանը:
Վարչապետի խոսքով՝ այն մարդիկ, որոնք ոչ ներկրում ունեն, ոչ էլ արտահանում, սակայն մասնակցում են պետական գնումների մրցույթների, կսահմանափակվեն. «Եթե չի ներկրում, կամ արտահանում, ի՞նչ իրավունք ունի մասնակցել կամ ծանոթներ ման գալ, որ հաղթի»: