Բաժիններ՝

Սամվել Կարապետյանը ռուսական անշարժ գույքի արքաների թվում 2-րդն է. Forbes

Forbes պարբերականի ռուսական տարբերակը կազմել է թոփ 30 գործարարների ցուցակը, որոնք 2014 թվականին ամենաշատն են վաստակել Ռուսաստանում իրենց պատկանող կոմերցիոն անշարժ գույքը (գրասենյակներ, առևտրի կենտրոններ, հյուրանոցներ, պահեստներ) վարձակալությամբ տրամադրելուց:

Վարկանիշային աղյուսակի առաջին հնգյակի մասնակիցների եկամտի չափը կազմում է 520 միլիոն դոլարից մինչև 1.4 միլիարդ դոլար: Վարկանիշային աղյուսակում ընդգրկվել են ինչպես մասնավոր անձինք, այնպես էլ ընկերություններ՝ ռուսական ու օտար:

Առաջին հորիզոնականը զբաղեցրել են «Կիևյան հրապարակ» ընկերության սեփականատերեր Զարախ Իլիևն ու Գոդ Նիսանովը (1.4 միլիարդ դոլար), որոնք տվյալ վարկանիշային աղյուսակը գլխավորում են երրորդ տարին անընդմեջ: Նրանց են պատկանում «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական շուկան, Radisson Royal Moscow հյուրանոցը և «Եվրոպեյսկի» առևտրա-ժամանցային կենտրոնը:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, ով վարձավճարներից ստացել է 1.08 միլիարդ դոլարի եկամուտ:

Մասնավորապես, «Տաշիրին» են պատկանում Ռուսաստանի 9 քաղաքներում գտնվող 19 առևտրա-ժամանցային կենտրոններ, այդ թվում նաև «Ռիո» ցանցը (Մոսկվայում գտնվող «Ռիո» առևտրա-ժամանցային կենտրոնի տարածքը կազմում է 105.000 քառակուսի մետր): Բացի այդ, «Տաշիրի»՝ առավել խոշոր օբյեկտների թվում ընդգրկված է մոսկովյան Novotel Moscow City հյուրանոցը (360 համար):

Սամվել Կարապետյանին պատկանող առևտրային հրապարակների տարածքը կազմում է 829.000 քառակուսի մետր, գրասենյակների տարածքը՝ 48.400 քառակուսի մետր, պահեստների տարածքը՝ 48.000 քառակուսի մետր: Հյուրանոցային համարների թիվը կազմում է 1472:

Forbes-ի վարկանիշային աղյուսակում երրորդ տեղը զբաղեցրել են «Իկեա Մոսի» սեփականատերերը՝ Ինգվար Կամպրադի ընտանիքը: Նրանց եկամուտը կազմել է 790 միլիոն դոլար: Վարկանիշային աղյուսակում 17-րդ տեղը զբաղեցրել է Չուկոտկայի նախկին նահանգապետ Ռոման Աբրամովիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս