Ադրբեջանում լրագրող Սեյմուր Խազիին դատապարտել են հնգամյա ազատազրկման
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական դատարանը «Ազադլըղ» թերթի աշխատակից և «Ադրբեջանական ժամ» ինտերնետային ծրագրի հաղորդավար Սեյմուր Խազիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով խուլիգանության մեջ:
Տվյալ գործով մյուս մեղադրյալ Մահերամ Հասանովը, ով Խազիին դրդել է մասնակցել ծեծկռտուքի, ազատազրկվել է ընդամենը 6 ամսով: Լրատվամիջոցն ընդգծել է, որ Խազիին դատապարտել են քաղաքական դրդապատճառներով, քանի որ նա հանդիսանում է ընդդիմադիր կուսակցության ակտիվիստ ու իշխանությունների քննադատ:
Խազին հայտարարել է, որ իրեն կալանավորելու պատվերն իջեցրել են անձամբ նախագահ Իլհամ Ալիևն ու նրա աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը, քանի որ ինքը «Ադրբեջանական ժամ» ծրագրի ժամանակ մերկացրել էր կառավարության հանցանքները:
Դատարանը Խազիին մեղավոր է ճանաչել 221.3-րդ հոդվածը (խուլիգանություն) խախտելու մեջ և նրան դատապարտել է մինչև 5 տարվա ազատազրկման: Դատախազը մինչ այդ պահանջում էր նրան դատապարտել 6 տարվա ազատազրկման: