ՌԴ դեսպանության առջև գոյացած հերթերի հետ ԵՏՄ-ն կապ չունի. Գագիկ Եգանյան
Վերջին շրջանում կրկին ակտիվություն է նկատվում Հայաստանում Ռուսաստանի դեսպանության առջև: Հայաստանը լքել ցանկացողների բազմաթիվ հերթեր են գոյանում այստեղ: Ոմանք գնում են աշխատանք գտնելու հույսով, ոմանք էլ ընտանիքներով են ցանկանում տեղափոխվել ՌԴ՝ մշտական բնակության:
Իրադրության վերաբերյալ 168.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանից, մասնավորապես, թե ի՞նչ դիտարկումներ ունի ծառայությունն ու արդյոք հետևում է իրավիճակին: Սակայն վերջինս նախ նշեց, թե հարցը լավ չի հասկանում, ապա հայտարարեց, թե հարցախույզ է պետք անել՝ տեսնելու համար, թե ինչու են մարդիկ հավաքվում դեսպանության առջև:
«Ի՞նչ դիտարկում պիտի ունենամ: Ես անծանոթ եմ այդ երևույթին: Կարող է հավաքվեն, կարող է չհավաքվեն: Ընդհանրապես միգրացիոն տրամադրությունները պարզելու համար հարցախույզ է արվում: Դա սոցիոլոգիայի ուսումնասիրության առարկա է: Սոցիոլոգիան իր մեթոդաբանությունն ունի և այդ մեթոդաբանության հիման վրա գնահատականներ են տրվում երևույթին»,- ասաց նա:
Ըստ Գ.Եգանյանի՝ ծառայությունը տվյալներ չունի, որ Հայաստանից մեծ հոսք է սկսվել դեպի Ռուսաստան. «Անցած տարի ՀՀ կառավարությունն առաջին անգամ ինքը ֆինանսավորեց մեծ հարցախույզ անցկացնելը 7920 ընտանիքների շրջանում: Ակնկալել, որ ամեն օր կամ ամեն ամիս կիրականացվի, իրատեսական չի, որովհետև դա ծախսատար և ռեսուրսատար միջոցառում է»: Նա խորհուրդ տվեց սպասել ուղևորահոսքերի տարեկան արդյունքներին: Միաժամանակ ծառայության պետը հավաստիացրեց, թե ՌԴ դեսպանության առջև գոյացած հերթերի հետ ԵՏՄ-ն կապ չունի. «ԵՏՄ-ն մշտական բնակության արտոնյալ պայմաններ չի ստեղծում: Մարդը որ գնա, այնտեղ պետք է իրեն սպասող դյուրությունները կիրառի, ոչ թե այստեղ դեսպանությունում»:
Նշենք, որ մինչ ԵՏՄ-ին անդամակցելը Ռուսաստանում 180 օր և ավելի մնալու և աշխատելու համար ՀՀ քաղաքացուն անհրաժեշտ էր դիմել ՌԴ-ին՝ սահմանված կարգով աշխատանքի թույլատվություն կամ պատենտ ստանալու համար: 2014 թ-ին նման դիմումով ՌԴ դեսպանություն է դիմել մոտ 250 հազար ՀՀ քաղաքացի: Եվ ահա 2015թ-ի սկզբից կարգը փոխվել է՝ թույլատվություն ստանալու անհրաժեշտություն այլևս չկա: ՌԴ կառավարության հունվարի 13-ի որոշմամբ` հունվարի 2-ից Եվրասիական տնտեսական միությանն անդամակցած Հայաստանի քաղաքացիները աշխատանքի իրավունքով հավասարվել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին: Նախորդ տարեվերջին Գ.Եգանյանն ինքն էր հայտարարել, որ միայն պետտուրքեր վճարելու պահանջի վերացման հետևանքով մոտ-15-20 մլն դոլար կմնա ՀՀ աշխատանքային միգրանտների գրպանում: Նա նաև նշել էր, որ փոփոխությունների արդյունքում կմեծանա աշխատանքային միգրացիոն տեղաշարժերի ինտենսիվությունը՝ և՛ գնալու, և՛ գալու կտրվածքով:
ՀՀ իշխանությունների համար, բնականաբար, ցանկալի չէ խոստովանել, որ ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցումը նպաստել է արտագաղթի ավելացմանը: Այլ հարց է, թե ներկայիս իրողությունների պայմաններում, երբ Ռուսաստանում տնտեսական դրությունը վատթարացել է և բազմաթիվ ՌԴ քաղաքացիներ իրենք են կանգնած գործազրկության սպառնալիքի առջև, ՀՀ քաղաքացիներին որքանով կհաջողվի աշխատանք գտնել այնտեղ: