Որքան Ռուսաստանն է պաշտպանում Հայաստանին, այնքան էլ ՀՀ-ն` ՌԴ-ին. Ստյոպա Սաֆարյան

«Հայաստանի ուղերձը Ռուսաստանին ԵԽ ԽՎ-ից. որքան Ռուսաստանն է պաշտպանում Հայաստանին, այնքան էլ ՀՀ-ն` ՌԴ-ին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով ԵԽ ԽՎ-ում ռուսական պատվիրակությանը ձայնից զրկելու որոշմանը հայկական պատվիրակության անդամների՝ «ձեռնպահ» քվեարկությանը:

Նա նշեց, որ այդ քվեարկությունը փոքր-ինչ անսպասելի էր իր համար, քանի որ մշտապես հետևել է ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակների աշխատանքին և բոլորովին այլ պահվածքի ականատեսն է եղել: Ըստ Սաֆարյանի` մշտապես նկատելի են եղել հայ պատվիրակների՝ առավելապես ռուսամետ դիրքորոշումներն ու ելույթներն այնպես, որ ոչ միայն ՀՀ դաշնակիցը դժգոհ չմնա, այլ մի բան էլ ավելի գնահատի: Բայց վերջին քվեարկությունը, նրա գնահատմամբ, իսկապես տարբերվում է, և նա կապ է տեսնում վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում կատարվող գործընթացների և այս քվեարկության միջև:

«Ես կարծում եմ, որ ՀՀ ուղերձը ոչ այնքան այն էր, որ Հայաստանը չի ցանկանում միջամտել Ռուսաստան-Արևմուտք հակամարտությանը, որքան այն, որ Հայաստանի շահն այս անգամ այդպիսի քվեարկություն է պահանջում: Ինչո՞ւ, որովհետև այդքան էլ երկրորդական խնդիր չէ Ռուսաստանի ձայնը ԵԽ ԽՎ-ում մեկ տարով լռեցնելը, և այս կտրվածքով հաստատ Հայաստանի պատվիրակությունը ևս կարող էր Ադրբեջանի պատվիրակության նման իրեն պատառոտել և պաշտպանել Ռուսաստանին, բայց նկատելի է, որ այս անգամ մեր կողմից ոչ միայն քվեարկությունն էր չեզոք, այլև, որքան ես եմ հասկանում, պաշտպանության ելույթներ չեն եղել:

Ուստի, ես կարծում եմ, որ Հայաստանը նման կերպով փորձում է հասկացնել՝ որքան որ Ռուսաստանն է պաշտպանում Հայաստանին, այնքան էլ Հայաստանն է պաշտպանում Ռուսաստանին` հիմնականում նկատի ունենալով անվտանգության խնդիրները»,- մեկնաբանեց Ստյոպա Սաֆարյանը` ավելացնելով, որ այս մոտեցումն արդարացված է: Վերլուծաբանի համոզմամբ` Ռուսաստանը պետք է հասկանա, որ Հայաստանն իր գրպանում դրված պետություն չէ, որքան էլ փոքր է, բայց չափազանց կարևոր պետություն է Հարավային Կովկասում իր զբաղեցրած դիրքով, բնակչության կարողություններով: «Չգնահատել Հայաստանի հավատարմությունը` նույնիսկ անտեղի, չարդարացված այս տարիների ընթացքում, և նման կերպ վարվել, իհարկե, կարծում եմ՝ սխալ էր, և Ռուսաստանն էլ որոշակի ազդանշան պետք է ստանա»,- ասաց Սաֆարյանը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին ուշ երեկոյան ԵԽ ԽՎ լիագումար նիստի ընթացքում որոշում կայացվեց ռուսաստանյան պատվիրակությանը մինչև ապրիլ զրկել քվեարկելու, ինչպես նաև ԵԽ ԽՎ-ում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ Քվեարկությանը հայ պատվիրակները մասնակցեցին «ձեռնպահ» քվեարկելով. պատվիրակությունը Ստրասբուրգ էր մեկնել ոչ ամբողջական կազմով` ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանի, ԲՀԿ-ից՝ Վահե Հովհաննիսյանի ու Նաիրա Զոհրաբյանի բացակայության պայմաններում:

Տեսանյութեր

Լրահոս