
Թուրքիայի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Աշգաբադում տեղի է ունեցել Թուրքիայի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Մևլյութ Չավուշօղլուի, Ռաշիդ Մերեդովի ու Էլմար Մամեդյարովի եռակողմ հանդիպումը:
Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը բարձր են գնահատել երեք երկրների միջև հարաբերությունների ներկայիս իրավիաճակը: Բացի այդ, նրանք պայմանավորվել են կազմակերպել երեք երկրների նախագահների հանդիպում:
Հանդիպման ժամանակ քննարկվել է տնտեսական, տրանսպորտային, կրթական և այլ ոլորտներում համագործակցության հարցը, ինչպես նաև միջազգային կառույցների շրջանակներում համագործակցելու հարցը: Մամեդյարովն ընդգծել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի նախագծի կարևորությունը տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից:
Հանդիպման վերջում երեք երկրների արտգործնախարարները հանդիպման արդյունքներով ստորագրել են համատեղ հայտարարություն: Դրանում նրանք ընդգծել են եռակողմ ձևաչափով փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած տարածաշրջանային ու միջազգային հարցերը կանոնավորապես քննարկելու կարևորությունը:
Հայտարարությունում ընդգծվել է նաև 2015 թվականին Թուրքիայի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի նախագահների համատեղ հանդիպում նախապատրաստելու ու անցկացնելու կարևորությունը: Երեք երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպումը կանցկացվի Թուրքիայում: Նրանց առաջին հանդիպումն անցկացվել է 2014 թվականի մայիսի 26-ին, Բաքվում: