2014 թվականին Ադրբեջանում ավելի է վատթարացել մարդու իրավունքների շուրջ իրավիճակը. HRW
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների մասին իր 656 էջանոց տարեկան զեկույցը, որում անդրադարձ է կատարված նաև Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակին:
Զեկույցում նշված է, որ 2014 թվականին Ադրբեջանում խստացվել են իշխանությունների քննադատների դեմ բռնությունները, իսկ մարդու իրավունքների շուրջ առկա առանց այն էլ վատ իրավիճակն էլ ավելի է վատթարացել: Քաղաքական դրդապատճառներով կալանավորվել է 33 իրավապաշտպան, քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստ:
Բացի այդ, սառեցվել են քաղաքական խմբերի ու նրանց ղեկավարների բանկային հաշիվները: Բռնություններն ու հալածանքները շարունակվել են անգամ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության ժամանակ:
Քննադատների ձայները լռեցնելու համար իշխանությունները նրանց դեմ օգտագործում են կեղծ մեղադրանքներ՝ թմրանյութերի, զենքի ապօրինի պահպանում, խուլիգանություն և անգամ պետական դավաճանություն:
Իրավիճակը շատ ծանր է մամուլի ազատության ոլորտում, և ներկա դրությամբ վանդակաճաղերից այն կողմ են հայտնվել 10 լրագրողներ, բլոգերներ ու սոցիալական մեդիայի օգտատերեր: 2014 թվականին խստացվել է օրենսդրությունը, ընդհանուր առմամբ էլ ավելի է սահմանափակվել ՀԿ-ների ու քաղաքացիական հասարակության գործունեությունը:
Մասնավորապես, անգամ աննշան խախտումների համար մտցվել է վարչական ու քրեական պատասխանատվություն: Այդպիսով պայմաններ են ստեղծվել 50 ՀԿ-ի փաստացի փակման համար: Չնայած մարդու իրավունքների խախտումների համար Ադրբեջանին եվրոպական կառույցների քննադատությանը՝ Բաքվի դեմ չեն ընդունվել կոնկրետ պատժամիջոցներ: