Վարդան Պետրոսյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման (ուղիղ հեռարձակում)

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը քիչ առաջ հրապարակեց դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործով դատավճիռը: Դատավճռով՝ Վարդան Պետրոսյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով 5 տարվա ազատազրկման:

Դատարանի վճռով Վարդան Պետրոսյանը 2 տարով զրկվեց տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, տուժողների և տուժողների իրավահաջորդների կողմից ներկայացված քաղաքացիական հայցը թողնվեց առանց քննության, իսկ ՀՀ գյուղնախարարությանը պատկանող կազմակերպություններից մեկի ներկայացված հայցը բավարարվեց՝ 1 մլն 200,000 դրամի չափով: Վարդան Պետրոսյանից որոշակի գումար կգանձվի նաև հօգուտ ՀՀ պետբյուջեի:

Դատարանի վճռով՝ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը թողնվեց անփոփոխ՝ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը:

Դերասանը մեղադրվում է այն բանի համար, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10-ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ, հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն` 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից՝ ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի, ինչպես նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին: Ավտովթարի արդյունքում Էդվարդ և Էդգար Հակոբյանները մահացել էին, Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը պատճառվել էր ծանր վնաս` որպես կյանքին վտանգ սպառնացող, Հայկ, Էմմա և Արթուր Հակոբյանների առողջությանը՝ միջին ծանրության վնաս:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Առաջադրված մեղադրանքում Վարդան Պետրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Հիշեցնենք, որ դատախազը միջնորդել էր Վարդան Պետրոսյանին դատապարտել 6.5 տարվա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակումը՝ «Ազատություն» ռադիոկայանի:

Տեսանյութեր

Լրահոս