Ուկրաինական կողմը «Գազպրոմից» պահանջում է 6.2 միլիարդ դոլարի փոխհատուցում
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ուկրաինայի Նավթոգազը» դիմել է Ստոկհոլմի միջնորդ դատարանին՝ պահանջելով Ուկրաինայի տարածքով գազի տարանցման ծավալը նվազեցնելու համար «Գազպրոմից» բռնագանձել 3.2 միլիարդ դոլար, ինչպես նաև գրեթե նույնչափ տոկոսադրույքներ:
Պահանջվող ընդհանուր գումարի չափը կազմում է 6.2 միլիարդ դոլար: 2014 թվականին Ուկրաինայի տարածքով Եվրոպա ռուսական գազի տարանցման ծավալը կազմել է 58.9 միլիարդ խորանարդ մետր, մինչդեռ 2013 թվականին այն կազմել է 83.9 միլիարդ խորանարդ մետր գազ:
Ստոկհոլմի դատարանն այդ գործով կզբաղվի 2016 թվականի փետրվար-մարտից ոչ շուտ: 2014 թվականի հունիսին էլ «Գազպրոմն» էր «Նավթոգազի» դեմ հայց ներկայացրել Ստոկհոլմի դատարան՝ պահանջելով 4.5 միլիարդ դոլար՝ գազի մատակարարումների համար վճարումներ չանելու համար: