ԱՄՆ-ը պատրաստ է Ուկրաինային տրամադրել հավելյալ մեկ միլիարդ դոլար
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան ու ԱՄՆ-ը փաստաթուղթ են ստորագրել ԱՄՆ-ի կառավարության կողմից Ուկրաինային 2 միլիարդ դոլարի վարկային երաշխիքներ տրամադրելու մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի կառավարությունը պատրաստ է Ուկրաինային հատկացվող վարկային երաշխիքների փաթեթը մեծացնել 1 միլիարդ դոլարով՝ մինչև 3 միլիարդ դոլարի, եթե երկրում իրականացվեն բարեփոխումներ.
«Ուկրաինայի ներկայիս կառավարությունը երկրի ողջ պատմության մեջ ամենառեֆորմիստականն է: Մենք տեսնում ենք կոռուպցիայի հաղթահարման, բիզնես միջավայրի բարելավման ու բնակչության առավել խոցելի շերտերին պաշտպանելու ուղղություններով քայլեր:
Կառավարությունը փորձում է այդպիսի չափազանց բարդ պայմաններում հասնել մակրոտնտեսական կայունության: Շատ կարևոր է, որ կառավարությունը շարունակի իր կուրսը և կարևոր է շարունակել Ուկրաինային աջակցելը»: