
Իսրայելի նախագահը ՄԱԿ ԳԱ-ի հատուկ նիստում խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Asbarez պարբերականի փոխանցմամբ՝ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինն անուղղակիորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Դա տեղի է ունեցել ՄԱԿ ԳԱ-ի հատուկ նիստում, որը նվիրված է եղել Հոլոքոսթի զոհերի միջազգային օրվան: Այս մասին հայտնում է իսրայելական Haaretz թերթը:
Իր ելույթում Ռիվլինն ընդգծել է, որ «ցինիզմ» է որակում Իսրայելին ցեղասպանություն ու ռազմական հանցանքներ գործելու մասին մեղադրանքները՝ հավելելով, որ դրանք վնասում են տվյալ երևույթի դեմ պայքարելու հարցում ՄԱԿ-ի ունակություններին: Իր ելույթում Ռիվլինը հիշատակել է նաև Հայոց ցեղասպանության հարցը:
Ռիվլինը մասնավորապես ՄԱԿ-ին կոչ է արել սահմանել «կարմիր գիծ», որի խախտման դեպքերում տվյալ կառույցը պետք է միջամտի՝ կանգնեցնելու համար ցեղասպան ակտերը: Ռիվլինն անհեթեթություն է որակել այն մեղադրանքները, թե Իսրայելը քայքայում է ցեղասպանության դեմ արդյունավետորեն պայքարելու ՄԱԿ-ի ունակությունը.
«1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության օրերին, NILI-ի (Պաղեստինում հրեական ընդհատակյա կազմակերպություն) ներկայացուցիչ Ավշալ Ֆայնբերգը գրել է հետևյալը. «Ես ցասումից ատամներս կրճտացնելով մտածում էի, թե ով է լինելու հաջորդը:
Երուսաղեմի ճանապարհին, երբ քայլում էի սուրբ և օրհնված հողի վրայով, ինքս ինձ հարցրեցի, թե արդյոք մենք ապրո՞ւմ ենք 1915 թվականին, թե՞ Տիտոսի ու Նաբուգոդոնոսերի ժամանակներում»»:
Ռիվլինը հիշեցրել է, որ Ֆայնբերգն այդ մասին գրել է ուղիղ 100 տարի առաջ. «Տատանումների ու հերքման 100 տարի: Իմ ծնված ժամանակ Իսրայելում որևէ մեկը չէր հերքում տեղի ունեցած սպանությունները: Երուսաղեմի բնակիչները, իմ ծնողները տեսել են սովից տառապող հազարավոր փախստականների: Երուսաղեմում նրանք գտան ապաստան, իսկ նրանց ժառանգներն այնտեղ ապրում են ցայսօր»:
Վերջում Իսրայելի նախագահը հայտարարել է, որ իրենք իրենց պետք է հարց տան, թե արդյոք բավական ակտիվորե՞ն են պայքարել ցեղասպանություն երևույթի դեմ, և որպես պատասխան՝ հիշատակել է Բոսնիայի, Իվանյանի (Խոջալու) դեպքերը