Բաժիններ՝

«Փետրվարի 1-ից ոչ մեկս չենք աշխատելու, հարկեր չենք վճարելու» (ուղիղ հեռարձակում)

Կառավարության շենքի առջև շարունակվում է  Շրջանառության հարկի մասին նոր օրենքի կասեցում պահանջող՝ Երևանից և մարզերից ժամանած հարյուրավոր առևտրականների, Փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ներկայացուցիչների բողոքի ակցիան։ Ակցիայի մասնակից Արտակ Խաչատրյանը հայտարարեց, որ եթե կառավարությունն ունի պատասխան, ապա իրենք պատրաստ են մեկ-երկու հոգով շենք մուտք գործել՝ վերցնել պատասխանը և վերադառնալ ցուցարարների մոտ։

«Մենք չենք պատրաստվում ամեն օր ժամերով գալ սպասել և հետ գնալ, մենք համաձայն ենք մեկ կամ երկու հոգով բարձրանալ կառավարության շենք, վերցնել վարչապետի գրավոր պատասխանը, այնուհետև այն բարձրաձայն ընթերցել բոլորիս, այլապես մենք կպահանջենք Գագիկ Խաչատրյանի հրաժարականը: Մենք համաձայն չենք 10 հոգով բարձրանալ և որևէ բան քննարկել վարչապետի հետ»,- ասաց ակցիայի մասնակից Արտակ Խաչատրյանը: Նա նաև ասաց, որ եթե իրենց պահանջին այսօր էլ պատասխան չտրվի, ապա արդեն այլ քայլերի կդիմեն։

«Մենք կպահանջենք նաև ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև՝ փոխնախարար Արմեն Ալավերդյանի հրաժարականը, ովքեր կանգնած են այս ամենի ետևում և այս ամենի քավորներն են։ Եթե նման պաշտոնյան չի կարողանում  աշխատել, ուրեմն չպիտի աշխատի»,- ասաց նա։ Ակցիայի մյուս մասնակիցներն ի նշան համաձայնության՝ վանկարկում էին՝ «Այո՛, կասեցում»:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ տոնավաճառների աշխատողներն իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում է 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Ըստ կառավարության՝ նոր  օրենքը հնարավորություն կտա խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ: ՓՄՁ ներկայացուցիչների բողոքներից հետո՝ հոկտեմբերի 6-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր «Շրջանառության հարկի»  մասին օրենքում առկա գույքագրման պահանջը մինչև 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել:

Քիչ առաջ բողոքի ակցիայի մասնակից Արտակ Խաչատրյանը հայտարարեց, որ ինքը մոտեցել է կառավարության շենքին և հետաքրքրվել՝ արդյոք կա՞ որևէ ներկայացուցիչ, ով կարող է ներկայացնել իրենց պահանջը կառավարության անդամներին։ Նրան, սակայն, առաջարկել են ընդունարանից զանգել ինչ-որ մարդկանց և ներկայացնել իրենց պահանջը։ «Եթե կառավարության ներկայացուցիչներին մեր բողոքի ձայնը հասանելի չէ, մենք ստիպված կլինենք ավելի բարձր աղմկել, որպեսզի թմրեն իրենց ականջները»,- ասաց Արտակ Խաչատրյանը։
Նա նաև հիշեցրեց, որ փետրվարի 1-ից իրենցից ոչ մեկը հարկ չեն վճարելու և այդ օրը հայտարարում են համընդհանուր գործադուլ։

Այժմ ակցիայի մասնակիցները տարբեր վանկարկումներով աղմկում են, որպեսզի կառավարության ներկայացուցիչները լսեն։

Ուղիղ հեռարձակումը՝ «Ազատություն» ռադիոկայանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս