
2014 թվականին Վրաստանից Ռուսաստան արտահանման ծավալն աճել է 44.2 տոկոսով

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականին Վրաստանից Ռուսաստան արտահանման ծավալն աճել է 44.2 տոկոսով (84.3 միլիոն դոլարով)՝ համեմատած 2013 թվականի հետ, և կազմել է մոտ 275 միլիոն դոլար: Այս մասին են վկայել Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության տվյալները:
Դրանց համաձայն՝ նախորդ տարի Ռուսաստանին է բաժին ընկել Վրաստանի ողջ արտահանման 9.6 տոկոսը: Հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստան է արտահանվել ավելի քան 111.4 միլիոն դոլարի գինի, ինչը 55 միլիոն դոլարով ավելին է՝ համեմատած 2013 թվականի հետ:
Հանքային ջրերի արտահանման ծավալը 33 միլիոն դոլարից հասել է մինչև 66.4 միլիոն դոլարի, իսկ սպիրտային խմիչքների ծավալը՝ 13 միլիոն դոլարից մինչև 18 միլիոն դոլարի: Միևնույն ժամանակ մարդատար ավտոմեքենաների արտահանումը նվազել է 16 միլիոն դոլարով և կազմել է 16.4 միլիոն դոլար:
2014 թվականին, 2013 թվականի հետ համեմատ, 2 տոկոսով նվազել է Ռուսաստանից Վրաստանի ներկրման ծավալը՝ կազմելով 578 միլիոն դոլար: Ռուսաստանին է բաժին ընկել Վրաստանի ողջ ներկրման 6.7 տոկոսը: