
Ռուսական պատվիրակությունը ԵԽԽՎ-ը լքել է մինչև 2015 թվականի ավարտը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ը երեկ որոշել է երկարաձգել Ռուսաստանի պատվիրակության դեմ սահմանած պատժամիջոցներն ու մինչև ապրիլ զրկել ձայնի իրավունքից ու ԵԽԽՎ-ի ղեկավար մարմիններին մասնակցելուց: Դրա օգտին երեկ քվեարկել է 148 մարդ, իսկ դեմ՝ 64-ը:
Բանաձևում նշված է, որ ԵԽԽՎ-ը կասեցնում է ռուսական պատվիրակության քվեարկության իրավունքը և Վեհաժողովի Բյուրոյում, Նախագահական ու Մշտական կոմիտեներում ներկայացված լինելու իրավունքը:
Դրա հետ կապված՝ ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում խնդրել իրենց լիազորություններ տրամադրելու համար: Նա ընդգծել է, որ ի պատասխան՝ իրենք ԵԽԽՎ-ում իրենց գործունեությունը դադարեցնում են մինչև 2015 թվականի ավարտը:
Ռուսաստանին ԵԽԽՎ-ում քվեարկության իրավունքից և ղեկավար մարմիններում ներկայացված լինելու իրավունքից զրկել են 2014 թվականի ապրիլին՝ Ղրիմի բռնակցումից հետո: