Բաժիններ՝

Ո՞վ կդառնա «Ավտոմատիկա» գործարանի սեփականատերը

Հայաստանի սարքաշինության երբեմնի առաջատարներից «Ավտոմատիկա» ձեռնարկությունը, որ մինչ այժմ պետական էր, կմասնավորեցվի: Ձեռնարկության 80% բաժնետոմսերը ներկայումս գտնվում են ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ, սակայն շուտով կփոխանցվեն ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը, որն էլ կզբաղվի դրա մասնավորեցման գործընթացով: Հարցը նախատեսվում է ՀՀ կառավարության առաջիկա՝ հունվարի 30-ի նիստում ներկայացնել գործադիրի հավանությանը: Թե ո՞վ է մնացած 20%-ի բաժնետերը, կառավարության որոշման նախագծում չի նշվում: Սակայն հայտնի է, որ «Ավտոմատիկայի» սեփականատերերից է նաև ներկայիս էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Այս մասին Ճշմարիտյան ինքն անձամբ էր ասում, երբ դեռ պատգամավոր էր: Չի բացառվում, որ նախարարը որոշվել է ամբողջ գործարանն իր հսկողության տակ վերցնել:

Ինչո՞ւ որոշվեց սեփականաշնորհել «Ավտոմատիկան»: Որպես հիմնավորում նշվում է, որ համաձայն Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին որոշման պահանջների (ռազմական անվտանգության ապահովման խնդիրների լուծման համար նյութատեխնիկական և մտավոր կարողությունների կենտրոնացմանը նպատակաուղղված միջոցառումների իրականացում և ըստ աշխատանքների բնույթի` համապատասխան առաջարկության ներկայացում) «Ավտոմատիկա» ՓԲԸ-ն չի համապատասխանում այդ խնդիրների լուծման համար առաջադրվող պահանջներին, մասնավորապես ընկերության շենք և շինությունները չեն բավարարում ՀՕՊ ժամանակակից համակարգերի նորոգման և արդիականացման աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև լիարժեք փորձարկումների անցկացման համար: Եվ, նկատի ունենալով, որ «Ավտոմատիկա» ՓԲԸ-ն հետագայում ևս նպատակահարմար չէ ընդգրկել ՀՕՊ տեխնիկայի նորոգման և արդիականացման աշխատանքների կատարման գործընթացներում, առաջարկվում է բաժնետոմսերի 80 %-ի կառավարման իրավասությունը վերապահել Պետական գույքի կառավարման վարչությանը` հետագայում մասնավորեցման նպատակով:

Մինչդեռ ոչ վաղ անցյալում, շուրջ 1 տարի առաջ, նախատեսվում էր, որ «Ավտոմատիկա» գործարանն իրականացնելու է հայկական բանակի զենիթահրթիռային համակարգերի տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքներ։ «Գրանիտ» ընկերությունն «Ավտոմատիկա» գործարանի բազայի վրա ռուսական արտադրության զենիթահրթիռային համակարգերի սպասարկման և նորոգման կենտրոնի նախագիծ ստեղծելու առաջադրանք էր ստացել և 2011թ. օգոստոսին համապատասխան առաջարկություններ ներկայացրել Հայաստանին։ Հայկական կողմն այդ առաջարկները հաստատել էր: Քննարկվում էր նաև «Ավտոմատիկա» գործարանը Ս-300 ԶՀՀ նորոգման համար վերազինելու հարցը։ Եվ ահա, պարզվում է, որ «Ավտոմատիկան» չի կարողանում լուծել իր առջև դրված խնդիրներն ու չի համապատասխանում արդի պահանջներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս