2015 թվականին փոխադարձ քայլերի դեպքում հայ-թուրքական հարաբերությունները կարող են գնալ «բուժման» ուղիով. Մահչուփյան

Թուրքական Anadolu լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին.

«Հայկական դեպքերի 100-րդ տարելիցին փոխադարձ քայլերի դեպքում հայ-թուրքական հարաբերությունները կարող են գնալ «բուժման» ուղիով: Հայաստան պետությունն ու հասարակությունն ավելի շատ են պատրաստ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, քան՝  Հայկական սփյուռքը:

Մենք լսում ենք պետության ձայնը, և այն խիստ է հնչում: Բայց եթե զբոսնես Երևանի փողոցներում ու զրուցես մարդկանց հետ, կտեսնեն, որ իրավիճակն այլ է: Նույն բանին կարելի է ականատես լինել Թուրքիայի փողոցներում զբոսնելիս: Մարդիկ ցանկանում են մերձեցում:

Այս մարդիկ նույն մշակույթի զավակներ են, լսում են նույն երաժշտությունը, ընթերցում են նույն բաները: Այսինքն երկու հասարակությունների միջև առկա է այնպիսի կարոտ, որ երկու կողմն էլ պատրաստ են գնալ շփման:

Սակայն մենք ապրում ենք ազգային աշխարհում, ուր կան պետություններ ու սահմաններ, ինչը գործը դարձնում է մի փոքր ձևական: Գործին միջամտում են հավասարության, սակարկման նման թեմաներ և պատճառ դառնում հարաբերությունների սառեցման»:

Անդրադառնալով Դարդանելի ճակատամարտի կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրելուն՝ Մահչուփյանը հայտարարել է .

«Դա համայն աշխարհին ուղղված հրավիր է, և Հայաստանն էլ դուրս չի մնացել դրանից: Այստեղ յուրահատուկ որևէ բան չկա. Դարդանելի ճակատամարտին մասնակցել են նաև հայերը: Այդ պատճառով էլ եթե հրավերն ընդունվի թեկուզ խորհրդանշանական պլանում, ապա դա կհանգեցնի դրական արդյունքների: Կարծում եմ, որ դա կլինի Հայաստանի կողմից ժեստ»:

Մահչուփյանի խոսքերով՝ 2015 թվականը կարևոր տարի է՝ կապված 1915 թվականի հայկական դեպքերի (Հայոց ցեղասպանության) 100-րդ տարելիցի հետ. «Վարչապետ Դավութօղլուն Հրանտ Դինքի համար ուղերձ հղեց: Դա էլ շատ կարևոր է: Այս տարին բնականաբար 1915-ի հարյուրերորդ տարին է: Այդ պատճառով էլ կարևոր է ողջ տարին»:

Տեսանյութեր

Լրահոս