
Ուկրաինայում պլանավորել են ստեղծել «ինտերնետային-բանակ»

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի տեղեկատվական քաղաքականության նախարար Յուրի Ստեցը հայտարարել է, որ պլանավորել է ստեղծել «ինտերնետային-բանակ»:
Նրա խոսքերով՝ հանրահայտ բլոգերները կաշխատեն Ուկրաինայի արևելքի մասին ճշմարիտ տեղեկատվության տարածմամբ կամ էլ ստահոդ լուրերի հերքմամբ: Ստեցը չի հայտնել բլոգերների թիվը՝ ընդգծելով, որ նրանց թիվը լինելու է այնքան մեծ, որ նրանք դառնալու են Ուկրաինայի «ինտերնետային-բանակը»:
Նախարարի խոսքերով՝ պետք է միավորել սոցցանցերում հեղինակավոր անձանց, և նրանք մարդկանց կպատմեն ճշմարիտ բաներ: Նախօրեին ուկրաինացի պատգամավորներն առաջարկել են կասեցնել Ուկրաինայի տարածքում աշխատելու համար ռուս լրագրողների հավատարմագրումը:
Գործունեության արգելքը կարող է առնչվել նաև ռուսական հեռուստատեսությունների ու ռադիոկայանների տեխնիկական աշխատակիցներին: Հունվարի 23-ին Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտնել է, որ 2014 թվականի ապրիլից հետո երկրից վտարել է ռուսական ԶԼՄ-ների 88 աշխատակցի: