
ԵԱՀԿ գործող նախագահն աջակցություն է հայտնել Մինսկի խմբի համանախագահներին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը մտահոգություն է հայտնել ԼՂ-ում շփման գծի շուրջ ու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով իրավիճակի սրման կապակցությամբ:
Դաչիչը հակամարտող կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը. «Ես հիասթափված եմ բախումներից, որոնց հետևանքով զոհվում են մարդիկ: Կողմերին կոչ եմ անում խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կնպաստեն լարվածության աճին:
Սոչիում, Նյուպորտում ու Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները դրական էին: ԵԱՀԿ-ը ձգտում է դյուրացնել ուղիղ շփումների հաստատումը, սակայն կողմերը պետք է իրենց ռազմական հրամանատարությանը հարկադրեն պահպանել հրադադարի ռեժիմը:
Ես իմ աջակցությունն եմ հայտնում հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկին: Նրան հանձնարարվել է դյուրացնել անմիջական շփումների հաստատումը, և նա պետք է ավելի շատ պատրաստի կողմերի մասնակցությամբ խաղաղապահ միջոցառումներ:
Ես նաև աջակցություն եմ հայտնում համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ու բանակցությունների համար բազա ստեղծելուն»: