Freedom House-ը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանից ավելի ազատ երկիր է ճանաչել

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2015» զեկույցը, ըստ որի՝ ԼՂՀ-ն Ադրբեջանին գերազանցում է քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների պաշտպանության ոլորտում:

Զեկույցի համաձայն՝ ԼՂՀ-ը 7 միավորանոց սանդղակում (ուր 1 միավորը նշանակում է առավելագույն ազատություններ, իսկ 7 միավորը՝ ազատությունների բացակայություն) ստացել է 5 միավոր քաղաքական իրավունքների (PR – Political Rights) մակարդակի և դարձյալ 5 միավոր՝ քաղաքացիական ազատությունների (CL – Civil Liberties) մակարդակի համար:

Ադրբեջանի պարագայում դրանք երկուսն էլ կազմել են 6 միավոր, ինչը գործնականում նշանակում է ժողովրդավարական ազատությունների ամբողջական բացակայություն: Ադրբեջանը ճանաչվել է անազատ երկիր:

Հայաստանի Հանրապետությունը ճանաչվել է մասնակի ազատ երկիր. PR-ի դեպքում՝ 5 միավոր, իսկ CL-ի դեպքում՝ 4 միավոր: Վրաստանը նույնպես ճանաչվել է մասնակի ազատ երկիր, սակայն երկու դեպքում էլ նա ստացել է երեքական միավոր:

Իրանը ճանաչվել է անազատ երկիր՝ Ադրբեջանի նման երկու դեպքում էլ ստանալով վեցական միավոր: Թուրքիան ճանաչվել է մասնակի ազատ երկիր՝ ստանալով 3 (PR) և 4 (CL) միավոր: Ուկրաինան մասնակի ազատ երկիր է՝ 3-ական միավորներով:

ԵՏՄ-ի անդամ մյուս երկրները ճանաչվել են անազատ երկրներ. Ղազախստանը ստացել է 6 (PR) և 5 միավոր (CL), Բելառուսը՝ 7 (PR) և 6 (CL) միավոր, իսկ Ռուսաստանը՝ 6 (PR) և 6 (CL) միավոր: ԵՏՄ-ին անդամակցել հավակնող Ղրղզստանը ստացել է 5 (PR) և 5 (CL) միավոր՝ ճանաչվելով որպես մասնակի ազատ երկիր:

Չճանաչված երկրներից Աբխազիան ճանաչվել է մասնակի ազատ երկիր՝ 4 (PR) և 5 (CL) միավոր, իսկ Հարավային Օսիան՝ անազատ երկիր՝ 7 (PR) և 6 (CL) միավոր: Ղրիմը նույնպես ճանաչվել է անազատ՝ կրկնելով Հարավային Օսիայի ցուցանիշները: Մերձդնեստրը նույնպես ճանաչվել է անազատ երկիր՝ 6 (PR) և 6 (CL) միավոր: Ուշագրավ է, որ ազատ է ճանաչվել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը՝ 2 (PR) և 2 (CL) միավոր:

Տեսանյութեր

Լրահոս