
Ավիահաղորդակցության վերաբերյալ ռուս-վրացական խորհրդակցություններն ավարտվել են անարդյունք

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 26-27-ին Թբիլիսիում Վրաստանի ու Ռուսաստանի ավիացիոն իշխանությունների միջև անցկացված տեխնիկական խորհրդակցությունները, որոնք առնչվել են երկու երկրների մայրաքաղաքների միջև կանոնավոր ավիաչվերթների հաճախակիությանը, ավարտվել են անարդյունք:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի ղեկավար Գուրամ Ջալագոնիան. «Խոսքը գնացել է թռիչքների հաճախակիության մասին: Գլխավոր սկզբունքը (վրացական) ավիաընկերության շահերը, երկրի շահերը և ամենակարևորը՝ սպառողների շահերը պաշտպանելն է:
Քանի որ վերջնական արդյունքը դեռ ձեռք չի բերվել, ուժի մեջ է մնում շաբաթական 18 չվերթ իրականացնելու համաձայնագիրը: Ձեզ հայտնի է, որ ավելի վաղ ես ստորագրել եմ 18 թռիչք իրականացնելու մասին ժամանակավոր համաձայնագիր, որն ուժի մեջ է մինչև հունվարի 31-ը: Դրա համար էլ մենք դեռ ունենք մի քանի օր»: