«Իսլամական պետության» զինյալները Մոսուլում առևանգել են 30 մարդու
Iraqi News-ի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն Իրաքի Մոսուլում առևանգել են 30 բնակչի: Այս մասին հայտնել է լրատվամիջոցի աղբյուրը: Նրա խոսքերով՝ զինյալները բնակիչներին մեղադրել են Փեշմերգայի (քրդական զինված ջոկատներ) հետ համագործակցության մեջ և նրանց տարել են անհայտ ուղղությամբ:
«Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին, ով իրեն հռչակել է Իբրահիմ անունով «խալիֆ», Մոսուլը հռչակել է «Իսլամական պետության» մայրաքաղաք: Սրանից առաջ հաղորդվել էր, թե քրդերին հաջողվել է Թուրքիայի սահմանի մոտ գտնվող սիրիական Քոբանի քաղաքը մաքրել «Իսլամական պետության» զինյալներից: