«Չեմ կապում դա Գյումրիի դեպքերի հետ». Սեյրան Օհանյանը՝ սահմանային լարվածության մասին
«Չեմ կարծում, թե այս վերջին տարիներին և մանավանդ հայկական զինուժի ստեղծման և կայացման ողջ գրծընթացը, որը բերել է մի այնպիսի իրավիճակի, երբ հայկական բանակն ապացուցել է, որ անընդհատ կատարելագործվող, հզորացող և զարգացող զինուժ է, այս լարվածության փոքր ձևերը կարող են մեզ սպիտել դիմել ՀԱՊԿ-ին: Ինչո՞ւ է այդ դեպքում պետք հայկական բանակը, եթե ինքն իր առջև դրված խնդիրները այս փոքր սրացումների դեպքում չի կարող իրականացնել: Եվ եթե դուք տեսնում եք, նաև քանակական առավելությունները հակառակորդի կողմից մեզ վրա չեն ազդում, որովհետև որակական առումով և մարտական գործով մենք ավելի բարձր հիմքերի վրա ենք դնում, և մենք մեր առջև դրված խնդիրները կարողանում ենք լիարժեք իրականացնել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք սահմանային լարվածության պայմաններում պե՞տք չէ դիմել ՀԱՊԿ-ին:
Հարցին՝ արդյոք Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանությունը կարո՞ղ է կապված լինել սահմանին տիրող լարվածության հետ, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Համոզված եմ, որ հակառակորդը կարող է ցանկացած իրավիճակից օգտվել և ցանկացած գործողություններ իրականացնել, բայց պարզապես գնահատելով այսօրվա ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում՝ չեմ կապում դա Գյումրիի դեպքերի հետ: Իրենք իրենց գործելաոճով անընդհատ փորձում են լարվածության աստիճանը բարձրացնել»