Պարույր Հայրիկյան. «Այսօր զինվորից ավելի՝ երկրապահն ու ֆինդային են փառաբանվում»

«Բանակը պետության մի մասն է, չի կարող ծախվող պետության մեջ լինել չծախվող բանակ, այսինքն՝ երբ Հայաստանն իր խամաճիկ իշխանությունների թուլակամությամբ դառնում է աշխարհի կողմից մերժվող մի միավորի կամակատարը, այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք մենք ակնկալել, որ մեր բանակը կարող է հաջողություններ արձանագրել»,- այս մասին այսօր լրագրողերի հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

ԱԻՄ առաջնորդը, հայրենակիցներին շնորհավորելով հանդերձ, հարկ համարեց նշել, որ այսօր բանակը լուրջ խնդիրներ ունի իր առջև, և այդ խնդիրները բանակինը չեն, այլ դա մեր ողջ հանրության խնդիրն է:

Պարույր Հայրիկյանը նաև հիշեց հայ ժողովրդի ու բանակի անցած ուղին և նկատեց, որ բոլոր ժամանակներում մեր թշնամիների հիմնական նպատակն է եղել նախևառաջ հայկական զինված ուժերի ոչնչացումը: «Որպես վերջին օրինակ՝ կարող ենք հիշել 1920 թվականին՝ Հայաստանի բռի խորհրդայնացումից հետո առաջին քայլը, որ բոլշևիկներն արեցին՝ ոչնչացրին մոտ 1500 սպաների: Այդպիսի մի բան մենք ունեցել ենք նաև անցյալում հայ հաստավզիկների՝ այն ժամանակվա օլիգարխների, մասնակցությամբ, երբ Անիի 80 հազարանոց բանակը փոխարինվեց բյուզանդական 40 հազարանոց բանակով:

Այդպիսի ողբերգություն էլ մենք այդ ժամանակ ապրեցինք, որովհետև նրանք շատ լավ պաշտպանում էին հայերին, երբ պատերազմ չկար՝ ինչպես ռուսական բազան է մեզ պաշտպանում, երբ պատերազմ չկա: Բայց սա միայն հայերի հետ չէ, որ կատարվել է. հիշում ենք, որ Համաշխարային երկրորդ պատերազմի սկզբում մեր ազգին պատկանող տականքի՝ Միկոյանի, մասնակցությամբ լեհական գրեթե ողջ սպայակազմը ոչնչացվեց բոլշևիկների կողմից »,-ասում է Պ. Հայրիկյանը:

Կարդացեք նաև

ԱԻՄ առաջնորդը չցանկացավ մամուլի ասուլիսի շրջանակներում ընդարձակվել և ներկայացնել շատ մանրամասներ՝ անվտանգության նկատառումներից ելնելով, բայց փաստեց նաև, որ շտապ քայլեր կան իրականացնելու: Նրա խոսքով՝ պահեստազորն է շատ վատ վիճակում, իսկ այն բանակի կարևորագույն օղակն է. բուն բանակից ավելի կարևոր է բանակի կազմակերպված պահեստազորը:

«Եթե մեր «դաշնակցին » ապավինելով մենք շաբաթական միջինը 2 զինվորի կորուստ ենք տալիս, և դա համարվում է հաջողություն ու հաղթանակ, նշանակում է՝ մենք լուրջ խնդիրներ ունենք նաև մեր մտավոր մակարդակի հարցում: Պետք է արձանագրենք նաև, որ բանակը հիմա շատ տխուր վիճակում է, որովհետև բանակի հիմնական առաքելությունն է՝ապահովել քաղաքացիների անվտանգությունը և խաղաղությունը, իսկ բանակը դա չի կարողանում իրականացնել:

Դիվերսիոն հարձակումները 1-2 անգամ կարող են բնականոն համարվել, բայց եթե դրանք դառնում են օրինաչափություն… Բանակը առանձին ջոկատ չէ, մեր հակառակորդները ոչ միայն սպայակազմն ու զինվորներին են ոչնչացնում, այլ մեր մեջ նաև ոչնչացնում են զինվորի գաղափարը. այսօր զինվորից ավելի երկրապահն ու ֆինդային են փառաբանվում, որովհետև նրանք պետության հետ կապ չունեցող բաներ են. եթե կա պետություն, պետք է լինի զինվոր և պահեստազոր: Այսօր եթե կատարվում է 1-2 ահաբեկչական գործունեություն և պետությունը դրան չի արձագանքում, սա արդեն բանակի խնդիրը չէ, այլ ամբողջ պետության խնդիրն է»,-ասում է Պ.Հայրիկյանը:

168.am-ի հարցին՝ արդյոք այսօր երկրապահները փառաբանվո՞ւմ են. նրանցից շատերն են վատ վիճակում ապրում ու շատ չնչին արտոնություններ են ստանում, Պ.Հայրիկյանը պատասխանեց. «Վատ ասելով՝ համեմատության համար ասենք, որ անցյալում նրանք շատ ավելի վատ վիճակում էին, հիմա ինչ-որ քայլեր այդ ուղղությամբ արվում են, բայց ավելին պետք է արվեր: Այսինքն՝ բժշկական օգնություն և նմանատիպ հարցեր կարգավորվում են: Ամեն ինչ չէ, որ պետք է ուրանանք, առաջ ընդհանրապես ոչինչ չկար, հիմա բուժօգնություն ստանալիս ակնհայտ է դառնում. դե, նաև թոշակի անցնելիս որոշակի հավելում կա, բայց դրանք, իհարկե, չնչին են»:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս