Վահան Շիրխանյանի խոսքով՝ ՌԴ-ն ՀՀ-ի ազգային անվտանգության երաշխավորն է՝ ի դեմս ռազմաբազայի
«Հայոց բանակի կայացումը սկսվել է ավելի վաղ, քան 1992 թիվը, որովհետև ադրբեջանական հաձակումներն ավելի վաղ էին: Ձևավորեցին խմբեր, որոնք միավորվեցին հատուկ խմբում: Պաշտպանության կոմիտեն ստեղծվել էր 1991 թ. մայիսին, «Կոլցո» օպերացիայի ժամանակ և մեր խնդիրն էր պաշտպանել Հայաստանի սահմանները: «Կոլցոյի» նպատակն էր ջոկատներին զինաթափելը և մեր խնդիրն էր երկու ճակատով պայքարել: Այնուհետև ստեղծվեց նախարարությունը և շարունակվեց:
Անկախացած Հայաստանում ամենակայացածը բանակն է, ոը կատարում է իր վրա դրված պարտականությունը, ապահովում է երկրի ռազմական անվտանգությունը և ապագայի համար ես հանգիստ եմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպանը հայտարարեց 1991-1992 թթ. ՀՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Վահան Շիրխանյանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանն ավելի մարդաշատ է, այնտեղ մի քանի անգամ ավելի շատ զենք էր մնացել ԽՍՀՄ փլուզումից հետո, բայց հաղթեց հայ մարդու ոգին, հայրենասիրությունը, համաժողովրդական թիկունքը, այն, որ հայը պատերազմում էր իր հողի, իր ազգի համար, իսկ ադրբեջանցին պատերազմում էր հայերի դեմ՝ իրեն չպատկանող հողերը վերցնելու համար:
«Կա մի կանոն՝ պատմությունը կրկնվում է և մենք պետք է աշխատենք այդ կրկնությանը պատրաստ լինենք: Պատերազմն անավարտ է, ադրբեջանցիները չեն կարող չանել այն, ինչ անում են, նախ՝ իրենք իրենց առաջ խնդիր ունեն Ղարաբաղը ետ վերցնելու և երկրորդ՝ իրենց պարտադրում են արտաքին ուժերը, որից առաջինը Թուրքիան է: Հիմա մեծ վտանգներ են գալիս Թուրքիայից՝ կապված ամբողջ աշխարհում Ցեղասպանության 100 տարին նշելու հետ: Եթե աշխարհն ընդունի, Թուրքիան ծանր խնդիրներ կունենա: Այդ երկիրը գիտի, որ մեզնից հայրենիք է գողացել, ունեցվածք է գողացել և դրա հիման վրա է ստեղծել պետությունը: Եթե աշխարհի ուժեղներն ընդունեն, նրա համար ծանր կլինի»,- ասաց Շիրխանյանը:
Նա հայտնեց իր ուրախությունը, որ վերջերս մի կին դիմել է Դիարբեքիրի օդանավակայանի հողը ստանալու համար, որ իրեն է պատկանել, մի կին էլ դիմել է նախագահի պալատի հողն է պահանջել, որն էլ իրեն է պատկանել: Շիրխանյանի խոսքով՝ Թուրքիան Դարդանելի խնդիրը կապեց Ցեղասպանության հետ՝ աշխարհին շեղելու համար, այսօր Թուրքիայի օգնականը Ադրբեջանն է, իսկ վերջին շրջանում լարվածությունն աննախադեպ է:
Վ.Շիրխանյանը նշեց, որ Հայաստանն էլ օգնող ունի՝ Ռուսաստանը: Նա նշեց, որ աշխարհն այնպիսին է դարձել, որ անհնար է ապահովել ազգային անվտանգությունը սեփական ուժերով, իսկ ՌԴ-ն ՀՀ-ի ազգային անվտանգության երաշխավորն է՝ ի դեմս ռազմաբազայի, բայց միայն ռազմաբազան չի, նրանք իրենց զինվորներով պաշտպանում են հայ-թուրքական սահմանը:
Անդրադառնալով երեկ ՀՀ ՊՆ կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ Սերժ Սարգսյանի հայտարարություններին՝ Վ.Շիրխանյանը հայտարարեց, որ մեր խնդիրը չէ քննարկել, թե որն է ճիշտ, որը՝ սխալ, մենք չունենք այն ինֆորմացիան, որ ունեն նրանք, նրանց վրա դրված է ազգային անվտանգության ապահովման խնդիրը և նրանք պատասխանատու են դրա համար:
Նշելով, որ ամենակարևորը հաղթանակն է՝ Շիրխանյանը չբացառեց պատերազմի հնարավորությունը. «Մենք պատերազմում չենք օգտագործել ամենամեծ զենքը, որ կոչվում է միասնական հայություն: Թուրքերի համար ամենասարսափելի զենքը դա է:
Հարձակումների ժամանակ ադրբեջանցիները, իհարկե, հաշվի են առնում ՀՀ ներքին խնդիրները, բայց առաջինը Ցեղասպանության 100 տարին է, հետո ԵՏՄ-ին անդամակցությունը»: