Սեյրան Օհանյան. Ի վերջո, պետք է իմանան՝ Պերմյակո՞վն է կատարել, թե՞ ինչ-որ ուժեր կան, որոնք կանգնած են նրա ետևում

Լրագրողներն այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին՝ արդյոք Ռուսաստանի Դաշանության պաշտպանության նախարարի տեղակալի հետ հանդիպման ընթացքում բարձրացրե՞լ է Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինվոր Վալերի Պերյակովին հայկական կողմին փոխանցելու հարցը:

Ի պատասխան Սեյրան Օհանյանն ասաց. «Հանդիպման ժամանակ այդպիսի հարց չի եղել: Հարց է եղել գործող բոլոր համաձայնագրերի, միջպետական համաձայնագրերի և գործող օրենսդրության շրջանակներում, որպեսզի կարողանանք իրավական ողջ գործընթացն իրականացրել: Ասեմ, որ այդ ժամանակահատվածում՝ հենց առաջին իսկ հայացքից, նույն Ռուսաստանի Դաշնության պաշտպանության ղեկավարությունը ասում է, որ իրավական նորմերի համաձայն, եթե դեպքն այստեղ է կատարվել, նաև պետք է ճշտենք գոյություն ունեցող իրավական բոլոր նորմերը և այդպես էլ իրականացնենք»:

Հարցին՝ արդյոք քննարկվե՞լ է այն հարցը, որ ռուս սահմանապահները Վալերի Պերմյակովին հայտնաբերելուց հետո հանձնել են ռազմաբազայի ղեկավարությանը և ոչ թե հայ իրավապահ մարմիններին, նա պատասխանեց. «Ես ձեզ ասեմ հետևյալը: Բերեք Պերմյակովին և Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության համատեղ խմբին հանգիստ թողնենք, որովհետև իրենք բավականին լուրջ աշխատանք ունեն կատարելու: Եվ, ի վերջո, պետք է իմանան՝ Պերմյակո՞վն է արդյոք կատարել,  թե՞ ինչ-որ ուժեր կան, որոնք կանգնած են նրա ետևում և այլն, և այլն: Շատ, շատ խնդիրներ կան, որոնք իրենց մեջ գաղտնիություն են պարունակում, և մենք՝ ոչ ես, ոչ էլ դուք, իրավունք չունենք մտելու այդ մասնագիտական մանրունքների մեջ, որ պետք է աշխատեն իրավական ոլորտի ներկայացուցիչները»:

Տեսանյութեր

Լրահոս