Արգենտինայի նախագահը որոշել է ցրել հետախուզական ծառայությունը
Ամերիկայան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները հայտարարել է հետախուզական գերատեսչությունը ցրելու պլանների մասին՝ կապված այն կասկածների հետ, որ դատախազ Ալբերտո Նիսմանի մահվան հետևում կարող են կանգնած լինել հատուկ ծառայությունների կոռումպացված գործակալները:
Նախագահի խոսքերով՝ բարեփոխումների նաախագիծն այս շաբաթվա վերջին կներկայացվի Կոնգրեսին: Նա ընդգծել է, որ նոր Դաշնային հետախուզական վարչության կառույցում կլինեն տնօրեն և տեղակալ, ընդ որում՝ գերատեսչության ղեկավարության մոտ մուտքի իրավունք կունենա միայն իշխանական բարձր մարմինների ներկայացուցիչների սահմանափակ շրջանակը:
Ավելի վաղ հասարակության մի շարք ներկայացուցիչներ դատապարտել են գործող պրակտիկան, ըստ որի՝ Կոնգրեսի բազմաթիվ անդամներ, այդ թվում նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները շփումներ են ունեցել հետախուզության ներկայացուցիչների հետ:
51-ամյա Նիսմանին իր տան լոգասենյակում մահացած վիճակում հայտնաբերել են այս տարվա հունվարի 18-ին: Նրա կողքին հայտնաբերվել է ատրճանակ: Դրա հաջորդ օրը նա պետք է մեղադրանքներ հնչեցներ գերագույն իշխանության հասցեին՝ 1994 թվականին հրեական կենտրոնում գրանցված պայթյունի հետաքննմանը խոչընդոտելու համար: Պայթյունի հետևանքով զոհվել էր 85 և վիրավորվել էր ավելի քան 200 մարդ: