
Ադրբեջանը հետաքրքրված է թուրք-իտալական արտադրության հարվածային ուղղաթիռով

Թուրքական Sözcü թերթի փոխանցմամբ՝ Բահրեյնի ռազմաօդային ուժերը հետաքրքրված են իտալական AgustaWestland ընկերության մշակած և թուրքական TAI և ASELSAN ընկերությունների զարգացրած T129 ATAK հարձակողական ուղղաթիռով: Բահրեյնը դրանով իսկ կդառնա արտասահմանում T129 ATAK-ի առաջին գնորդը:
Ուղղաթիռը սպառազինված է թուրքական Roketsan ընկերության արտադրած Cirit և Mızrak հրթիռներով: Բահրեյնից բացի, T129 ATAK ուղղաթիռի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Պակիստանը, Ադրբեջանը և Հորդանանը:
T129 ATAK ուղղաթիռի առաջին թռիչքն իրականացվել է 2009 թվականի սեպտեմբերին: Ուղղաթիռը կարող է զարգացնել մինչև 270 կմ/ժամ արագություն, նրա մարտական շառավիղը կազմում է 561 կիլոմետր, առավելագույն վերելքը՝ 6096 մետր: T129-ը զինված է 12.7 միլիմետր տրամաչափի գնդացիրներով և 70 ու 81 միլիմետր տրամաչափի հրթիռներով: