
Հովհաննես Սահակյան. «Մենք հո չէի՞նք ուզում լսումներ կազմակերպել ԱԺ -ում, որ գայինք ու քննադատությունների արժանանայինք»

ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը այսօրվա ասուլիսում՝ անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ԱԺ լսումներին հաջորդած քննադատություններին, ասաց. «Մենք հո չէի՞նք ուզում լսումներ կազմակերպել ԱԺ -ում, որ գայինք ու քննադատությունների արժանանայինք: Մենք նպատակ ունեինք հանրությանը, պատգամավորներին ցույց տալ, որ մեր և ռուս պատկան մարմինները ամեն ինչ ուզում են անել, որ Պերմյակովն իր արժանի պատիժը կրի»:
Նաև հավելեց. «Ես զարմանում եմ, որ իմ գործընկերները կարող էին խոսել տեղ չլինելու և պայմանների մասին: Գլխավոր դատախազը ուղիղ պատասխանեց ցանկացած հարցի: Սրա նպատակն այն էր, որ միջազգային հանրությունը տեսնի, որ ԱԺ-ի ուշադրության կենտրոնում է այդ հարցը: Այնտեղ նստած հարց տվողներն ու բորբոքվողներն ինչո՞ւ իրենք չեն նախաձեռնում այդ քննարկումները: Շատ դժվար էր նման պատասխանատվություն վերցնել՝ 7 զոհ կա, հաշվի ենք առել զգացմունքայնությունը: Բոլորը ցանկանում էին իմանալ՝ ինչպես և ինչու տեղի ունեցավ այդ ողբերգությունը: Մենք ՌԴ պատգամավորների հետ էլ գնացինք Գյումրի, իրենց շփոթված հայացքները, արտահայտությունները բառերով չենք կարող նկարագրել: Բոլորին մի շարք հարցեր կան, որ հետաքրքիր են»: