Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշում կայացնի իր ատոմակայանների վառելիքի հարցում. ԱԷՄԳ
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի կառավարությունը պետք է ինքնուրույն որոշում ընդունի այն մասին, թե ինչ վառելիք օգտագործի երկրի ատոմակայաններում: Այս մասին Սինգապուրում հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն՝ պատասխանելով Ուկրաինայի ատոմակայանների անվտանգության մասին գործակալության թղթակցի հարցին.
«Մենք չենք կարող երկրներին թելադրել, թե ատոմակայանի համար ինչպիսի վառելիք օգտագործել կամ չօգտագործել: Կազմակերպությունը կարող է միայն աջակցել առանձին երկրների, անցկացնել խորհրդակցություններ»: Ամանոն միաժամանակ ընդունել է, որ Ուկրաինայում կան կայաններ, որոնք ունեն թեթև ջրով աշխատող ռուսական ռեակտորներ:
Նախորդ տարվա դեկտեմբերի վերջին ուկրաինական «Էներգոատոմ» և ամերիկյան Westinghouse ընկերությունները համաձայնագիր են ստորագրել մինչև 2020 թվականը Ուկրաինայի ատոմակայանների համար ԱՄՆ-ից միջուկային վառելիքի մատակարարումների ծավալը մեծացնելու մասին: Դա հարուցել էր ՌԴ ԱԳՆ-ի մտահոգությունը: