Վերջին շրջանում մի շարք հարցերի շուրջ պարզաբանում չենք ստացել Իրանից. Ամանո
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ի ղեկավար Յուկիա Ամանոն Սինգապուրում հայտարարել է, որ իրենք վերջին շրջանում պարզաբանում չեն ստացել Իրանից՝ կապված նրա միջուկային ծրագրի մի շարք ասպեկտների հետ:
Ամանոն հիշեցրել է 2013 թվականի նոյեմբերին ստորագրված համագործակցության մասին համաձայնգրի մասին, որի շրջանակներում ձեռք է բերվել որոշակի առաջընթաց. «Իրանը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ է, վստահեցնում է, որ վառելիքն ու սարքավորումն օգտագործվում են միայն խաղաղ նպատակներով:
Սակայն մենք վստահ չենք, որ մեր փորձագետները կարողացել են տեսնել ամեն ինչ: Մենք ստանում ենք տեղեկատվություն, ինչպես նաև ինքներս ենք պարզել, որ Թեհրանը կարող է ներգրավված լինել ռազմական նշանակության գործունեության մեջ, ինչի համար էլ անհրաժեշտ է ստուգել բոլոր օբյեկտները»:
Ամանոն դժվարացել է կանխատեսել Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների ելքը: