Հայտնաբերվել է Վանաձորի բնակիչ Ասլիկյանի դին
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորի 37-ամյա բնակչի մահվան դեպքի առթիվ:
2015 թվականի հունվարի 03-ին՝ ժամը 17:30-ին, Վանաձոր քաղաքի Նարեկացու 28 հասցեում գտնվող նախկին շինիրերի կոմբինատի տարածքի չօգտագործվող ավտոտնակում հայտնաբերվել է պարանոցից մալուխի մեկուսիչով կախվելու միջոցով ինքնասպանություն գործած, Վանաձոր քաղաքի բնակիչ, 1977 թվականին ծնված Սումբատ Ասլիկյանի դիակը:
Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում կատարվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և 2015 թվականի հունվարի 13-ին ստացված դատաբժշկական փորձաքննության թիվ 16 եզրակացության համաձայն՝ հանգուցյալի մահը վրա է հասել շուրջ մեկ տարի առաջ:
Դիակի խորը նեխային փոփոխությունների հետևանքով, դիակի կմախքացման և դիակի փափուկ հյուսվածքների ու ներքին օրգանների բացակայության պատճառով հնարավոր չէ որոշել հանգուցյալի մահվան պատճառը:
Դեպքի առթիվ 2015 թվականի հունվարի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մահվան հանգամանքները: