Բաժիններ՝

Որքան են վաստակում Հայաստանի բանկիրները

Թեպետ հաճախ է նշվում, որ ՀՀ բանկային համակարգը տնտեսության ամենաթափանցիկ և բաց ոլորտն է, այդուհանդերձ, կան ցուցանիշներ, որոնց մասին մեր բանկիրները չեն սիրում խոսել։ Խոսքը վերաբերում է բանկերի ղեկավարների աշխատավարձերին։

Քաղաքակիրթ երկրներում ընդունված է հրապարակել լուրջ բանկերի թոփ-մենեջերների աշխատավարձերի ու պարգևավճարների չափը։ Այդ գումարները երբեմն կարող են հասնել տարեկան մի քանի միլիոն դոլարի՝ կախված նրանից, թե բանկն ինչ հաջողություններ է կարողացել գրանցել։

Մեզանում բանկիրներն այդ թվերը գաղտնի են պահում։ Կենտրոնական բանկն էլ չի պարտադրում այդ թվերը հրապարակել՝ այն հիմնավորմամբ, որ դա ներքին տեղեկատվություն է, և մարդիկ իրենք պետք է որոշեն՝ ցանկանո՞ւմ են հրապարակել իրենց եկամտի չափը, թե՞ ոչ։

Իսկ ինչո՞ւ, ամեն դեպքում, այս մարդիկ խուսափում են հրապարակել այդ թվերը։ Ի վերջո, նրանք այս գումարն աշխատում են իրենց խելքով՝ միանգամայն օրինական ճանապարհով։

Կարդացեք նաև

Միակ տրամաբանական պատճառը, թերևս, անհարմարության զգացումն է։ Մերոնք, իհարկե, այնքան մեծ աշխատավարձեր չեն ստանում, որքան, ասենք, JP Morgan Chase-ի կամ Citibank-ի ղեկավարները։ Այդուհանդերձ, հայկական բանկերի ղեկավարների աշխատավարձերն աստղաբաշխական մեծություն ունեն՝ ՀՀ միջին ամսական անվանական աշխատավարձի համեմատ։

Հայաստանում միջին ամսական աշխատավարձը, հիշեցնենք, ամսական շուրջ 167 հազար դրամ է (մոտավորապես՝ 355 դոլար)։ Մինչդեռ, ըստ որոշ տեղեկությունների, հայաստանյան բանկիրների ամսական եկամուտը տատանվում է 10-25 հազար դոլարի սահմաններում (չի բացառվում, որ որոշ բանկերի դեպքում՝ ավելի շատ)։ Ահա հենց այս զգալի տարբերությունը, ինչպես նաև վարկերի տակ կքած քաղաքացիների առանց այն էլ ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքը բանկերի նկատմամբ, թերևս, թույլ չի տալիս, որ բանկիրներն ի լուր աշխարհի հայտարարեն, թե որքան են ստանում։

Այդուհանդերձ, կա մեկ հայաստանյան բանկ, որն այդ տվյալները գաղտնի չի պահում։ Խոսքը վերաբերում է իրանական Մելլաթ բանկին։

Այս բանկն իր պաշտոնական կայքում առանձին փաստաթղթով հրապարակել է նաև աշխատավարձերի մասին տեղեկատվություն։

Այսպես, ըստ այդ տեղեկանքի՝ բանկի գործադիր տնօրենը 2014 թվականի ընթացքում ստացել է 66.4 միլիոն դրամ, որից 47.8 միլիոնը՝ աշխատավարձ, 11.1 միլիոնը՝ պարգևատրություն, 5 միլիոն դրամը՝ արձակուրդային, 2.4 միլիոնը՝ այլ վճարումներ։

Ամսական կտրվածքով՝ դա կազմում է ավելի քան 5.5 միլիոն դրամ կամ 11.8 հազար դոլար։

Գլխավոր տնօրենի տեղակալն ամսական վաստակում է 5 միլիոն դրամ, գլխավոր հաշվապահը՝ 1.4 միլիոն։

Տպավորի՞չ թվեր են։

Այստեղ պետք է նկատի ունենալ, որ Մելլաթ բանկն իր կապիտալով և ֆինանսական միջնորդության ծավալներով հայաստանյան ամենափոքր բանկերից մեկն է։ Ու ըստ դրա՝ կարելի է գոնե մոտավորապես ենթադրել, թե որքան են ստանում հայաստանյան առաջատար բանկերի ղեկավարները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս