«Իսկ ի՞նչ է, եթե դիմեն ՀԱՊԿ-ին, դիվերսիաները դադարելո՞ւ են, իհարկե՝ ոչ». Վահան Շիրխանյան (տեսանյութ)

«ՀԱՊԿ-ն պարտավորվում է ապահովել Հայաստանի անվտանգությունն արտաքին սահմաններից: Այո, վերջերս եղել է միայն Տավուշի մարզում լարված իրավիճակ: Ղարաբաղն այստեղ չի մտնում»,- այսօրվա ասուլիսի ժամանակ խոսելով այն մասին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ն համապատասխան արձագանք չի տալիս սահմանին տիրող լարված իրավիճակի վերաբերյալ՝ ասաց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

Ըստ նրա՝ շատ կարևոր է, որ Ռուսաստանն այստեղ պահի ռազմական բազա, սահմանապահ զորքեր, ռազմատեխնիկական հսկայական օգնություն ցույց տա Հայաստանին, ռազմաուսումնական հսկայական օգնություն ցույց տա հայոց բանակին. «Նույն ժամանակ ասում են՝ ինչո՞ւ չես քննադատում Ադրբեջանին, որ նա այդպիսի բան է անում: Նախ, քննադատում են, ասում են, որ միայն քաղաքական ճանապարհով պետք է կոնֆլիկտը լուծվի, բայց մեծ տերությունների արտաքին քաղաքականությունն ունի իր կանոնները, մենք չենք կարող թելադրել մեր կանոնները ուրիշներին»:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանն էլ նկատեց, որ ՀԱՊԿ-ի կանոնադրությամբ՝ Հայաստանը պետք է դիմի Ռուսաստանին և ՀԱՊԿ-ի մյուս անդամներին, որպեսզի իրենք արդեն համպատասխան քայլեր անեն.

«Եթե Հայաստանը չի դիմում, արդեն հարցը պետք է ուղղել մեր իշխանություններին, թե ինչո՞ւ: Երբ Հայաստանը դիմի, նոր այդ հարցը քննարկվելու է»:

Լրագրողներից մեկի հարցին՝ երեկ 2 զոհ ենք ունեցել, տարվա կտրվածքով 11-12 զոհ ունենք, դա բավարար չէ՞ ՀԱՊԿ-ին դիմելու համար, ՊՆ նախկին փոխնանախարն այսպես պատասխանեց.

«Հայաստանը դիմել է ԵԱՀԿ-ին՝ պահանջելով բոլոր դեպքերի ուսումնասիրություն, եզրակացություն և համապատասխան որոշում Ադրբեջանի դեմ: Այն, ինչ պետք է աներ: Տվյալ դեպքում՝ դիմել ՀԱՊԿ-ին, ես էլ եմ կարծում, որ պետք չէ, որովհետև Հայաստանն ունի բավարար ուժ և կարողություն: Իսկ ի՞նչ է, եթե դիմեն ՀԱՊԿ-ին՝ դիվերսիաները դադարելո՞ւ են: Անվտանգության խորհուրդը քանի՞ որոշում է ընդունել Ուկրաինայի մասին, դադարո՞ւմ են: Իհարկե՝ ոչ, եթե կա քաղաքական նպատակ: Իսկ Ադրբեջանում դրված է քաղաքական նպատակ: Պատերզամը դեռ ավարտված չէ, քանի դեռ քաղաքական պայմանագիր կնքված չէ, և Ադրբեջանն ունի քաղաքական նպատակ: Բացի դա, Ադրբեջանին նման գործողությունների հրահրում, դրդում, բրդում է Թուրքիան, որովհետև ցեղասպանության 100-րդ տարին շատ մեծ գլխացավանք է Թուրքիայի համար»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս