«Եթե բողոք լինի Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է իր դեմ բողոքի՝ ինչո՞ւ է նա թույլ տվել ռազմական բազա հիմնել Հայաստանում»
168.am-ի հարցին՝ ի՞նչ եք կարծում՝ Գյումրիում տեղի ունեցած դեպքից հետո, երբ հասարակությունը շատ վատ է տրամադրված իշխանություների հանդեպ, հնարավո՞ր է՝ այսօր իշխանությունները հետ նահանջեն և Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հարցը չդնեն օրակարգում, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց.
«Սահմանադրության փոփոխություն երևի չլինի, որովհետև որքան ես հասկանում եմ՝ ընդդիմության հույսը՝ Սահմանադրությունը փոխելով ավելի հեշտ գալ իշխանությանը հեռանկարը նրանց համար բարենպաստ չէ: Այդ պատճառով ոնց որ թե նրանք լռում են: Երկրորդ՝ ընդդիմության կարկառուն դեմքերը ռուս-հայկական հարաբերության հիմքում են եղել, նախաձեռնող են եղել, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ է ստորագրվել՝ ռազմահենակետերի և սահմանի պահպանությունը համատեղ իրականացնելու հարցը, այնպես որ՝ ներկա իշխանությունները նախկինի ընդամենը ժառանգորդն են, ոչ թե նախաձեռնող: Ուրեմն՝ եթե բողոք լինի Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է իր դեմ բողոքի՝ ինչո՞ւ է նա թույլ տվել ռազմական բազա հիմնել Հայաստանում: Նոր խշխանություններին կարելի է ամբաստանել նրանում, որ նրանք երկարացրել են ժամկետը, բայց դա խնդիր չի լուծում: Մյուս ներկայացուցիչը՝ պարոն Ծառուկյանը, ռուս-հայկական հարաբերությունների ամրացնողներից մեկն է՝ առևտրային, տնտեսական և այլն: Այնպես որ՝ եթե հիմա նա դեմ լինի, ոնց որ թե նա դեմ է լինում իր քաղաքականությանը:
Նորից եմ ասում՝ ապակաքաղաքականացումը այս միջադեպի նրանում է, որ և՛ ընդդիմության կարկառուն դեմքերը, և՛ իշխանությունը ռուսամետ են, ուրեմն՝ այդ դեպքում մեզ մոտ քաղաքական դաշտը չի պառակտվի, կան ծայրահեղական խմբավորումներ, ազգամոլականներ, ազգասերներ, ռուսատյացներ, որոնք Ռուսաստանին տշել են դուրս, քանի՜ տասնյակ հազար մարդ է վերջերս Ռուսաստանից արտաքսվել Հայաստան: Կարող է՝ այդ առումով դժգոհությունը արտահայտեն, բայց դժգոհությունը կապ չունի այս սպանության հետ: Մենք պետք է հասկանանք իրական պատճառը ո՞րն է, որ կարողանանք այդ պատճառները հետագայում չեզոքացնենք»: