«Ադրբեջանն ուզում է Հայաստանին հունից հանել»
Հարցազրույց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ
Վաղարշակ Հարությունյանի հետ
– 2015թ. սկզբից սահմանում գրեթե ամեն օր տեղի են ունենում մարտական գործողություններ, ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդում է բազմաթիվ դիվերսիոն գործողությունների մասին, որոնց արդյունքում զոհվում են հայ զինվորներ և սպաներ. այս ամենը սահմանային միջադեպե՞ր են, թե՞ կարող ենք խոսել պատերազմական գործողությունների վերսկսման մասին:
– Իհարկե, սա պատերազմ չէ, այլ սահմանային միջադեպեր, իսկ եթե ավելի ճշգրիտ ձևակերպենք, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանք: Եթե համեմատելու լինենք նախորդ տարիների հետ, ապա պետք է արձանագրենք, որ Ադրբեջանը ավելի հաճախակի է սկսել խախտել հրադադարի ռեժիմը, դրանց ինտենսիվությունը մեծացել է, բայց խոսել պատերազմի մասին չի կարելի, որովհետև պատերազմն այլ ձևակերպում ունի և արտահայտվում է բոլորովին այլ գործողություններով:
– Մեծացել է ոչ միայն միջադեպերի հաճախակիությունը, այլ փոխվել է ընդհարումների ժամանակ օգտագործվող զինատեսակների կազմը. հրաձգային զենքի տեսակներից բացի, օգտագործվում են նաև ականանետեր, որոշ տեղեկություններով՝ թեթև հրետանի, սա և՞ս պատերազմի վերսկսման նախանշան չէ:
– Ականանետեր և այլ զինատեսակներ օգտագործվեցին նաև նախորդ տարվա օգոստոսյան ընդհարումների ժամանակ, բայց անկախ զինատեսակներից՝ սա պատերազմ չի կարելի անվանել: Ադրբեջանը պատրաստ չէ լայնամասշտաբ պատերազմի, և ընդամենը փորձում է մեծացնել սահմանային լարվածությունը:
– Հիմա ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը, չէ՞ որ, միևնույն է՝ անկայունություն հրահրելով` Ադրբեջանը չի լուծում Ղարաբաղի հարցը:
– Եթե գլոբալ գնահատական տրվի դրան, ապա պարզ է, որ Ադրբեջանն իր այդ գործողություններով փորձում է ճնշում գործադրել Հայաստանի և Արցախի նկատմամբ և փորձում է Հայաստանին և Արցախին ստիպել գնալ զիջումների: Ադրբեջանցիների հաշվարկն այն է, որ հայկական հասարակությունը տեսնելով և տեղեկանալով մարդկային կորուստների մասին` կարող է խուճապի մատնվել, որ դրա արդյունքում ավելի կարագանա արտագաղթը, մարդիկ կխուսափեն իրենց երեխաներին բանակ ուղարկելուց, և այդպիսով հայկական բանակը կկազմաքանդվի, Հայաստանի դիմադրողականությունը կնվազի:
Իհարկե, այդ տրամաբանությամբ Ադրբեջանը գործել է միշտ, բայց հիմա Ադրբեջանի ղեկավարությունը մի փոքր ավելի շատ է ոգևորված, որովհետև մտածում է, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, Արևմուտքի պատժամիջոցները հաղթահարելով և այնքան էլ հակված չի լինի զբաղվել հայ-ադրբեջանական հակամարտությամբ: Ադրբեջանն՝ իր գործողություններով, որոշակի ծառայություններ է մատուցում հակառուսական դաշինքի ուժերին, հետապնդելով սեփական շահերը:
– Երբ դուք խոսում եք մարդկային կորուստների և դրանից առաջացած հասարակական հնարավոր խուճապի մասին, ապա դա որքանով վերաբերում է Հայաստանին, նույնքանով էլ` Ադրբեջանին, որովհետև նույն տրամաբանությամբ Ադրբեջանն էլ է ունենում կորուստներ, և այդ կորուստները կարող են նույնպիսի խուճապ առաջացնել Ադրբեջանում, ստիպել, որ ադրբեջանցի ծնողն ինչ-որ միջոցների դիմի՝ իր որդու զորակոչումը խոչընդոտելու համար:
– Սա ճիշտ է, բայց ինչպես գիտեք, Ադրբեջանը որոշում է ընդունել փակ պահել բանակի կորուստների մասին ամբողջ տեղեկատվությունը:
– Զոհված ադրբեջանցի զինվորների դիակները հանձնվում են հարազատներին, կազմակերպվում է հուղարկավորություն, և հասարակությունն ի վերջո տեղեկանում է դրա մասին:
– Դա շատ լոկալ բնույթ է կրում, քանի որ, երբ զոհերի մասին զանգվածային լրատվության միջոցները չեն գրում, երբ այդ տվյալները փակ են պահվում, ստացվում է, որ դրա մասին իմանում են սահմանափակ թվով մարդիկ, և դրա ազդեցությունն էլ ավելի սահմանափակ է լինում:
– Այս տարվա ընթացքում Հայաստանը 12 զոհ է ունեցել, որոնցից 8-ը՝ ՀՀ պետական սահմանի վրա: Արդյոք կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանը ենթարկվել է ագրեսիայի, և ՀԱՊԿ-ն՝ իր կանոնադրությանը համապատասխան, պետք է օգնություն տրամադրի ագրեսիայի ենթարկված՝ կազմակերպության անդամ երկրին:
– Ոչ, որովհետև Հայաստանը չի ենթարկվել ագրեսիայի, ագրեսիան բոլորովին այլ բան է, սա, ինչպես նշեցի, սահմանային միջադեպեր են: Ագրեսիան այն է, երբ որևէ երկիր փորձում է կամ գրավում է այլ երկրի տարածք կամ դրա մի մասը, այս դեպքում նման բան գոյություն չունի:
– Եթե ադրբեջանական հեռահար հրետանին սկսի ռմբակոծել Հայաստանի տարածքի խորքը, այդ դեպքում և՞ս մենք չենք կարող խոսել ագրեսիայի մասին:
– Ոչ, որովհետև ես նշեցի, որ ագրեսիան ունի իր հստակ ձևակերպումը, և ՀԱՊԿ պայմանագրի չորրորդ հոդվածում հստակ նշված է, թե որ դեպքում է, որ կազմակերպության անդամ երկիրը կարող է ստանալ կազմակերպության մյուս անդամների օգնությունը:
– Հիմա Հայաստանում տարբեր առաջարկներ են հնչում, դրանցից մեկն էլ այն է, որ Հայաստանը պետք է կանխարգելիչ հարված հասցնի Ադրբեջանին՝ ստիպելով նրան հրաժարվել նման միջադեպեր հրահրելուց: Ի դեպ, կանխարգելիչ հարվածի գաղափարը մի քանի անգամ հնչեցվել է ՀՀ ռազմական հայեցակարգը մշակողների կողմից:
– Կանխարգելիչ հարվածի կամ նախահարձակ գործողությունների կարելի է դիմել, եթե մենք վստահ լինենք, որ Ադրբեջանն ինքը պատրաստվում է պատերազմ հայտարարել, որ զորքեր է մոտեցրել սահմանին և ուզում է անցնել հարձակման: Այդ դեպքում իմաստ ունի, որ մենք առաջինը հարվածելով նրանց` կանխում ենք նրանց գործողությունները: Հիմա, ինչպես նշեցի, Ադրբեջանը չի պատրաստվում պատերազմի և չի կարող դիմել խոշորամասշտաբ գործողությունների:
– Մյուս առաջարկն էլ այն է, որ անցկացվի մոբիլիզացիա և հայտարարվի ռազմական դրություն:
– Նման բան անելու անհրաժեշտությունը չեմ տեսնում. դա նույնն է, որ մանր զանցանք կատարած խուլիգանի նկատմամբ ոստիկանը հրազեն կիրառի: Ադրբեջանն ուզում է Հայաստանին հունից հանել, ուզում է, որ Հայաստանն իսկապես գնա չհավասարակշռված քայլերի, որ մեզ կարողանան մեղադրել ագրեսիայի մեջ: Մինչդեռ ես տեսնում եմ, որ Հայաստանի բանակն իրականացնում է հստակ և իրավիճակին համարժեք գործողություններ՝ հնարավորինս մինիմալ կորուստներով, և հայ հասարակությունն այս պայմաններում պետք է վստահի և աջակցի բանակին:
– Իսկ ի՞նչ կասեք այն տեսակետի մասին, որ պետք է առաջին գծում լինեն միայն պայմանագրայինները, իսկ զորակոչիկները պետք է լինեն երկրորդ գծում:
– Ադրբեջանի հետ մեր սահմանը բավական մեծ է, և նման տարբերակն իրատեսական չէ, բայց պետք է նկատի ունենանք, որ վտանգավոր գործողություններն իրականացնում են հիմնականում սպաները և պայմանագրային զինծառայողները: